Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է որոշ լրատվամիջոցների կողմից իր կրած ժամացույցի վերաբերյալ շահարկումներին:
«Լրատվամիջոցների հարգելի գործընկերներ, այսօր առավոտից մամուլում քննարկվում է, որ ես կրում եմ հայտնի ապրանքանիշի աքսեսուար, որի մասին, ի դեպ, օրենքով սահմանված կարգով հայտարարագրվել է: Ցանկանում եմ, փարատել այս տեղեկատվությունը տարածողների և այդ տեղեկատվությանը չարախնդորեն ու չկամաբար վերաբերվողների կասկածամտությունը:
Արմավիրի մարզում, ովքեր ճանաչում են իմ ընտանիքը ու ընտանիքիս ավագներին, պետք է իմանան, որ նրանք քրտնաջան աշխատանքի միջոցով ստեղծել են այն ինչ, ունենք: Ձեր բուռն արձագանքների վրա սառը ջուր լցնելու համար, այնուամենայնիվ, ցանկանում եմ որոշ մանրամասներ հանրայնացնել իմ անձնական, ընտանեկան պատմությունից: Այդ աքսեսուարը ինձ նվիրել է հայրս, որպես ընտանիքի նվեր, երբ ես ոչ մի պաշտոն չէի զբաղեցնում:
Ավելացնեմ նաև, որ նմանատիպ նվերներ քրիստոնեաբար մաղթում եմ յուրաքանչյուրին, ով չարախնդությամբ կամ քաղաքական դիվիդենտ հավաքելու մտայնությամբ է վերաբերվում հայտարարագրումս ներկայացված այս տեղեկատվությանը: Բարին ընդ ձեզ»,- գրել է մարզպետը: