Ի պատասխան մամուլում շրջանառվող այն հրապարակումների, թե իբր Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են իրականացվել, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ բնակապահովման ծրագրում ոչինչ չի փոխվել․ միջոցառման շրջանակում հայրենակիցներին շարունակվում է տրամադրվել 3–ից 5 մլն դրամ աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար։
«Ավելին՝ հանրային քննարկման է ներկայացվել բոլորովին նոր ծրագիր՝ 1–3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար։ Միջոցառման շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել վարձակալության վճարի երկարաժամկետ մասնակի փոխհատուցման եղանակով՝ 120 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար՝ ամսական 40,000 դրամ։
Նոր ծրագիրը ներկայում գտնվում է հանրային քննարկման փուլում՝ e-draft․am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (հղում՝ https://www.e-draft.am/projects/9349 )․ քաղաքացիների կողմից ներկայացվող առաջարկներն ու դիտարկումները սահմանված ժամկետում կհավաքագրվեն և, ըստ անհրաժեշտության, կընդգրկվեն ծրագրի վերջնական տարբերակում»։