ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասներ է հայտնել «Մարտի 1-ի» գործով նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանին առաջադրված մեղադրանքին։
«Գլխավոր դատախազի որոշմամբ արձանագրվել է, որ. «(…) ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 29-ի երեկոյան հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարներին հրամայել է ցրել Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող խաղաղ ցուցարարներին և արգելել հիշյալ հրապարակում հավաքների անցկացումը:
Նշված խորհրդակցությունից հետո, փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը, ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը տագնապով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդում է հավաքել հիշյալ գնդի ծառայողներին, որից հետո գնդի ղեկավարությանը կարգադրել է անձնակազմին զինել հատուկ միջոցներով և «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու համար անձնակազմը տեղափոխել հիշյալ հրապարակ:
Ժամը 06:30-ի սահմաններում ոստիկանության շուրջ 1200 ծառայող, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, տեղակայվել են Ազատության հրապարակին հարակից փողոցներում, որից հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, Սաշա Աֆյանի կազմակերպմամբ, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի բացակայության պայմաններում, մուտք են գործել հրապարակ, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, որը զուգորդվել է բռնության (ֆիզիկական ուժի) ու հատուկ միջոցների ապօրինի գործադրմամբ, ցրել են նստացույց իրականացնող հարյուրավոր խաղաղ ցուցարարներին և հարկադրաբար դուրս հանել հիշյալ հրապարակից: Նույն ժամանակ ոստիկանության մյուս ստորաբաժանումները, քաղաքացիների հետագա կուտակումներն ու հավաքները հրապարակում կանխելու նպատակով, շրջափակել են Ազատության հրապարակը և թույլ չեն տվել քաղաքացիների մուտքը հրապարակ: Նստացույց անող անձանց Ազատության հրապարակից բռնությամբ տարհանելուց հետո, Սաշա Աֆյանի և այլ անձանց կազմակերպմամբ, ոստիկանական ուժերը շարունակել են բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ հետապնդել քաղաքացիներին քաղաքի կենտրոնական հատվածներում՝ նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու համար»,- պատմել է նա։
2019 թվականի հոկտեմբերի 26-ին որոշում է կայացվել Սաշա Աֆյանին ՔՕ 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նույն օրն առաջադրվել է մեղադրանք:
Աֆյանն, ընդունելով մեղքը, խնդրել է իր նկատմամբ վաղեմության ժամկետ կիրառել, նախկինում նման որոշում կայացվել է։ Սակայն, Վարդապետյանի խոսքով, վաղեմության ժամկետի կիրառումն ապօրինի է ու անհիմն. «Հետևաբար, Սաշա Աֆյանին մեղսագրված է եղել արարք, որը, որպես վատ վերաբերմունքի դրսևորում, հավասարեցված է խոշտանգմանը, ինչով պայմանավորված՝ Սաշա Աֆյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը չէր կարող դադարեցվել վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելքի առկայության պատճառով:
Առաջիկայում այս դրվագը մեղադրական եզրակացությամբ կհանձնվի դատարան»,- նշեց նա: