Առաջիկայում Հայաստանում կլինի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը՝ ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ տեղում հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու նպատակով։
ԵՄ անդամ երկրների փորձագետների այցը միտված է VLAP-ի բոլոր չորս ուղղություններում՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակին վերաբերող միայն առաջին փուլի (Phase 1) հենանիշների (benchmarks) կատարման առաջընթացի գնահատմանը։ Պատվիրակության այցի արդյունքում կձևավորվի Գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին գնահատման զեկույցը, որը նախատեսվում է հրապարակել 2026թ գարնանը։
Գնահատումը կիրականացվի երկաստիճան ձևաչափով՝ կատարողականի վրա հիմնված․
- նախնական հենանիշներ՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորման վերաբերյալ,
- երկրորդ փուլի հենանիշներ՝ դրանց գործնական իրականացման և կիրառության վերաբերյալ։
ԵՄ հանձնաժողովը պարբերաբար կներկայացնի առաջընթացի հաշվետվություններ՝ հիմնվելով տեղում իրականացվող գնահատումների, անդամ պետությունների փորձագետների դիտարկումների և Հայաստանի կողմից տրամադրվող մանրամասն տեղեկությունների վրա։
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը ներկայացվում է հետևյալ հղումով։