Հասարակություն

Մարտի 1-ի գործով հետազոտվել է շուրջ 100 ինքնաձիգ, 1500 ատրճանակ

Մարտի 1-ի գործով հետազոտվել է շուրջ 100 ինքնաձիգ, 1500 ատրճանակ

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր մասնակցել է Ազգային ժողովում հրավիրված՝ ««Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով հանրային քննարկմանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն իր ելույթում, մասնավորապես, նշել է՝

2008 թվականի մարտիմեկյան դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով իրականացվելիք վարութային գործողությունների ծավալով պայմանավորված՝ 2025 թվականին քրեական վարույթով նախաքննության կատարումը հանձնարարվել է համատեղ քննչական խմբի, որի կազմում ընդգրկվել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 24 քննիչ:

ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները տևական ժամանակ չեն հարցաքննվել և նրանց գործողություններին որևէ գնահատական չի տրվել, քանի որ քննությունն ի սկզբանե կրակոցների արձակումը վերագրել է ՀՀ ոստիկանության զորքերի առանձին ծառայողներին, ինչն իրականությանը չի համապատասխանել։ Այս մասով կատարվում են համապատասխան ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ գործընթացի հետ առնչություն ունեցած պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատական տալու համար։

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի ապօրինի մասնակցության հանգամանքը թաքցնելու նպատակով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ քրեական վարույթով փոխվել են դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և փորձաքննության օբյեկտ հանդիսացող կրակված պարկուճները, ինչպես նաև կազմել և քրեական գործին են կցել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող դատավարական փաստաթղթեր, թաքցրել կատարված հանցագործության դեպքերը, որպիսի առերևույթ հանցանքները կատարելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել ՀՀ նախկին գլխավոր դատախազի, քննչական խմբի ղեկավարի, անդամի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի նկատմամբ:

Ընդհանուր առմամբ հետազոտվել են ՀՀ զինված ուժերում հաշվառված՝ շուրջ 100 հատ ինքնաձիգ, ՀՀ ոստիկանության զորքերում և ՀՀ զինված ուժերում հաշվառված 1500-ից ավել 9 մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակ։

Անդրադառնալով ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների զուգորդմամբ բռնության կիրառման դեպքերին՝ Կոմիտեի նախագահը նշել է, որ ներկայում քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ, ով մեղադրվում է 2003 ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին/ այն բանի համար, որ նա զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, 2008 թվականի մարտի 1-ին, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, այլ անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական