Հասարակություն

Ակադեմիական քաղաքի տարածքում աշխատանքները մտնում են գործնական փուլ

Ակադեմիական քաղաքի տարածքում աշխատանքները մտնում են գործնական փուլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ակադեմիական քաղաքի տարածք։ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Այցի ընթացքում ներկայացվել են տարածքի ակտիվացման, մասնավորապես՝ Ակադեմիական քաղաքի 275 հա ընդհանուր մակերեսով տարածքում չտարբերակված, անվերահսկելի աղբի և շինությունների քարտեզագրման աշխատանքները, մաքրման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։ Անդրադարձ է կատարվել ըստ հատակագծի լանդշաֆտային ենթակառուցվածքների բաշխվածությանը, կանաչապատման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին և այլն։

Հաջորդիվ ներկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի տարածքում իրականացվող պեղումների ընթացքը։ Տեղեկացվել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախումբը հոկտեմբերի 15-ից իրականացվող պեղումների արդյունքում բացահայտել է քարակերտ ճարտարապետությամբ Երևանի, թերևս նաև Հայաստանի ու Հարավային Կովկասի հնագույն բնակատեղիներից մեկը՝ Սիլիկյանի բնակատեղին։ Նշվել է, որ Ճարտարապետական հորինվածքները, քարե գործիքների տիպաբանությունը և խեցեղենի իսպառ բացակայությունը հիմք են ենթադրելու, որ այստեղ եղել է նախակերամիկական նեոլիթի հնավայր։

Ըստ մասնագետների՝ հետսառցադաշտային շրջանի այս բնակատեղին զբաղեցրել է ավելի քան մեկ հա տարածք։ Մինչ այժմ պեղվել է բոլորաձև դասավորված զանգվածեղ քարերից 2-4 մ տրամագծով ավելի քան 20 սենյակ, վանակատից և բազալտից պատրաստված գործիքների հարուստ հավաքածու։ Տարածքում վանակատի հանքավայրեր բացակայում են, ուստի այն ներկրել են Արագածի կամ Արզնիի վանակատի երևակումներից։ Պատրաստի գործիքներից և զենքերից զատ հայտնաբերվել են նաև վանակատի մանր ցլեպներ և թեփուկներ, որոնք փաստում են տեղում վանակատից և բազալտից գործիքներ պատրաստելու մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական