Նոյեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում ընդունել է «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության առիթով Հայաստան ժամանած օտարերկրյա մի խումբ հյուրերի։
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է բերեց ներկաներին, անդրադարձել Հայոց եկեղեցու՝ հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարությանը՝ նշելով, որ Սուրբ Էջմիածինը նվիրական սրբավայր է համայն հայության համար և պատմության ամենադժվար պահերին օգնել է ազգին հավատով և հույսով դիմագրավելու բոլոր մարտահրավերներին:
Նորին Սրբությունն ընդգծել է, որ եկեղեցին իբրև Մայր եկեղեցի իր պատմական առաքելությամբ և հոգածու վերաբերմունքով առանձնակի նշանակություն ունի նաև Հայաստանում ապրող ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար։
«Կաթողիկոսը պատասխանել է նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին եկեղեցու և իշխանության միջև ստեղծված լարվածությանը և հակաեկեղեցական գործողություններին, ի մասնավորի՝ ապօրինաբար ազատազրկված հոգևորականներին ու հայորդիներին առաջադրված անհիմն մեղադրանքներին։
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց արցախահայերի ծանր կացությանը և նրանց կարիքներին ուղղված Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին, ինչպես նաև Բաքվում պահվող ռազմագերիների ու պատանդառված քաղաքացիական անձանց, արցախահայերի իրավունքների պաշտպանության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Վերջում «Պահպանիչ» աղոթքով օրհնելով ներկաներին` Նորին սրբությունը հայցել է, որ Երկնավոր տերը խաղաղության մեջ պահի համայն աշխարհը և պարգևի ապահով ու բարօր կյանք բոլոր ժողովուրդներին: