Հասարակություն

Իջևանի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

Իջևանի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Իջևան համայնքի նախկին ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ. Ղ.-ն չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով անհատույց տրամադրման և ուղղակի վաճառքի միջոցով օտարման ոչ ենթակա անշարժ գույքն օրենքի պահանջների խախտմամբ ուղղակի վաճառքով օտարել է էականորեն ցածր՝ կադաստրային արժեքից շուրջ 3 անգամ պակաս գնով, ինչն էական վնաս է պատճառել հասարակության և համայնքի օրինական շահերին:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Իջևան համայնքի ղեկավարը, անհատույց տրամադրման և ուղղակի վաճառքով օտարման հիմքերի բացակայության պայմաններում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, համայնքային սեփականություն հանդիսացող 1285.0 քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքի 30%-ի չափով վաճառել է նույն համայնքի բնակչին և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ընդհանուր 1385.0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել նրա սեփականության իրավունքը:

Արդյունքում՝ Իջևան համայնքի ղեկավարի կողմից տրված լիազորագրով վերը նշված քաղաքացու հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա վերջինիս անվամբ կատարվել է նշված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Իջևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք  է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին)։   

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական