Հավանություն է տրվել ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Ուղևորահոսքի աճի բարձր տեմպը պահելու, ինչպես նաև արդեն իսկ հաստատված նոր ուղղություններով չվերթերի հաճախականությունների բարձր մակարդակը ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է Օրենքով նախատեսված օդային ուղևորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնության տրամադրման ժամկետի երկարաձգումը իրականացնել մինչև երկու անգամ ներառյալ՝ ամեն անգամ 24 ամիս ժամկետով՝ ապահովվելով երկարաձգման համար անհրաժեշտ պահանջների կատարումը՝ համաձայն որոշման։ Արդյունքում՝ ակնկալվում է ապահովել երկու տասնյակից ավելի ուղղություններով, որոնցով օդային ուղևորները օգտվում են օրենքով նախատեսված օդային ուղևորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնությունից, իրականցվող չվերթերի շարունակականությունը և ուղևորահոսքի բարձր մակարդակը։
Գործադիրի հավանության է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի հիմնական նպատակը կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ԵՏՄ առևտրի էլեկտրոնային հարթակների միջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքների մասով ԱԱՀ-ի հաշվարկման ու վճարման, հարկային հաշվարկների ներկայացման, ինչպես նաև ապրանքների վերադարձի մասով կարգավորումների սահմանումն է։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ ապրանքների էլեկտրոնային առևտուր է համարվում ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանքների մատակարարումը ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին: Նախատեսվում է՝ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող է համարվում ԵՏՄ անդամ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որի առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվում և (կամ) կազմակերպվում է ապրանքների էլեկտրոնային առևտուր: Օրինագծով՝ ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքի մատակարարման վայրը համարվելու է ՀՀ-ը, եթե ֆիզիկական անձանց վաճառված ապրանքները փոխադրման (փոխանցման) ավարտի պահին գտնվում են հանրապետության տարածքում: