ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Վիշակապատնամ քաղաքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։
Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հնարավորությունները։ Երկկողմ համագործակցության
ուղղությունների թվում հատկապես կարևորվել է թանկարժեք քարերի և ոսկերչության ոլորտը։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում ստեղծված կայուն բիզնես միջավայրը, հարկային արտոնությունները, մրցունակ առևտրային պայմաններն ու մաքսատուրքային առավելությունները, որոնք դարձնում են Հայաստանը գրավիչ թանկարժեք զարդերի արտադրության և արտահանման համար:
Քննարկումներ են ծավալվել նաև դեղագործության, վերականգնվող էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ, մասնավորապես՝ քննարկվել է ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությունը։
Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանն առաջարկել է ստեղծել Հայաստանի, Հնդկաստանի և GJEPC-ի` Հնդկաստանի թանկարժեք քարերի և ոսկերչական արտադրանքի արտահանման խթանման խորհրդի համատեղ աշխատանքային խումբ՝ համագործակցության առկա հնարավորությունները գործնական հիմքի վրա դնելու նպատակով։ Նախարարը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով, որ այն կարող է դառնալ Հնդկաստան-Ռուսաստան–Եվրոպա նոր կապուղի։