Հասարակություն

Որևէ օգտագործված ջուր առանց մաքրման բնություն պետք է չվերադառնա. վարչապետ

Որևէ օգտագործված ջուր առանց մաքրման բնություն պետք է չվերադառնա. վարչապետ

Գործադիրի որոշմամբ սահմանվել են արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները: Որոշումը մշակվել է ի կատարումը Կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրի։

Ինչպես նշել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, սահմանվել են արտադրական կեղտաջրերի նախնական մաքրման պահանջներ, որոնք լիովին համահունչ են ԵՄ դիրեկտիվների պահանջներին։ Մասնավորապես՝ համաձայն քաղաքային կեղտաջրերի մաքրման մասին դիրեկտիվի՝ արտադրական կեղտաջրերը, որոնք մտնում են ջրահեռացման համակարգեր և բնակավայրերի կեղտաջրերի մաքրման կայաններ, պետք է ենթարկվեն այնպիսի նախնական մաքրման, որպեսզի՝ չվնասվեն ջրահեռացման համակարգերը, կեղտաջրերի մաքրման կայանները և հարակից սարքավորումները, չխոչընդոտեն կեղտաջրերի մաքրման կայանի շահագործմանը և տիղմի մաքրմանը, համաձայն արդյունաբերական արտանետումների վերաբերյալ դիրեկտիվի՝ եթե արտադրական օբյեկտը կոլեկտորով է միանում քաղաքային մաքրման կայանին, անհրաժեշտ է նախնական մաքրում, եթե կեղտաջրերը կարող են վնասել կամ ծանրաբեռնել կայանը և եթե կան վտանգավոր նյութեր (օր.՝ ծանր մետաղներ, թունավոր նյութեր, թթուներ կամ եթե առկա է մանրէաբանական վտանգ)։

Ըստ նախարարի՝ նախատեսվում են հետևյալ հիմնական դրույթները.

- Եթե արտադրական կեղտաջրերի արտանետումն իրականացվելու է կենտրոնացված ջրահեռացման համակարգով, ապա համակարգը պետք է ունենա բավարար թողունակություն և կեղտաջրերի որակը պետք է համապատասխանի կեղտաջրերի ջրահեռացման համակարգ արտանետման պահանջներին,
- 2026 թ. հուլիսի 1-ից չի թույլատրվելու արտադրական կեղտաջուր արտանետողներին, վերոնշյալ պահանջներին չհամապատասխանող կեղտաջրերն առանց նախնական մաքրում իրականացնելու արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ,
- արտադրական կեղտաջուր արտանետողները նախնական մաքրումը պետք է իրականացնեն տեղային մաքրման կառուցվածքներում՝ իրենց միջոցների հաշվին,
- տեղային մաքրման կառուցվածքների նախագծումը պետք է իրականացվի մասնագիտական կազմակերպության կողմից,
- եթե միմյանց մոտ գտնվող արտադրական կազմակերպությունները տեխնիկապես հնարավորություն ունեն, ապա կարող են իրենց կեղտաջրերի նախնական մաքրումը կատարել ոչ թե առանձին-առանձին, այլ մեկ ընդհանուր մաքրման համակարգում,
- եթե արտադրական կեղտաջրերը պարունակում են պայթունավտանգ նյութեր կամ պետք է ենթարկվեն քիմիական / ֆիզիկաքիմիական մաքրման, ապա նախնական մաքրման փուլում պարտադիր պետք է իրականացվի նաև մեխանիկական մաքրում,
- միայն հանքային նյութեր պարունակող արտադրական կեղտաջրերը տեղային (լոկալ) մաքրումից հետո արտանետման անհրաժեշտություն չունեն, դրանք կարող են կրկին օգտագործվել իրենց արտադրության մեջ՝ ջրի խնայողության նպատակով։

«Նախագծի ընդունումը կօգնի ապահովել, որ արտադրական կեղտաջրերը համապատասխան ձևով մաքրվեն մինչև ջրահեռացման համակարգ արտանետվելը։ Դա կնպաստի ջրահեռացման համակարգերի և մաքրման կայանների պահպանությանը, դրանց արդյունավետ աշխատանքին, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը»,- ասել է Համբարձում Մաթևոսյանը։

Թեմայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք տնտեսվարողներին ասում ենք՝ դուք պետք է ներդրումներ անեք, որպեսզի արտադրական կեղտաջրերը մաքրեք: Մենք մեր իրականության մեջ մի ուրիշ արձանագրում չենք արել, որ որևէ օգտագործված ջուր առանց մաքրման բնություն պետք է չվերադառնա: Որևէ ջուր օգտագործելուց հետո առանց մաքրման բնություն վերադարձնելը բնապահպանական աղետ է, հետևաբար մենք ամեն օր և ամենուր ապրում ենք բնապահպանական աղետի պայմաններում: Մենք ինչ-որ փաստաթղթերով սա գիտենք, բայց իրականացման մեծ պրոբլեմներ ունենք»:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ պետք է գալ այն եզրակացության, որ չվճարելով մաքրման ծառայությունների դիմաց, ըստ էության, չենք վճարում ավելի առողջ սնունդ օգտագործելու համար. «Այդ չմաքրվող ջրերը հետո ոռոգման համակարգի միջոցով գնում են դեպի բուսաբուծություն, հետո տարբեր կերպ վերադառնում են մեր սննդի տարբեր բաղադրիչներ: Մենք ունենք հայեցակարգային քննարկում: Նաև այս տարվա ընթացքում քննարկելու ենք ռազմավարությունը և առաջարկելու ենք լուծումներ, որոնք լինելու են ծախսատար, բայց բովանդակային առումով հարցը կարգավորելու նպատակ ունեցող»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական