Հասարակություն

2026 թ. պետական բյուջեն մեր երկրի զարգացման ճանապարհային քարտեզն է. նախարար

2026 թ. պետական բյուջեն մեր երկրի զարգացման ճանապարհային քարտեզն է. նախարար

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը նախ քվեարկությամբ ընդունել է  նախորդ օրը քննարկված հարցերը, այնուհետեւ քննարկել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ ներկայացված ֆինանսական փաստաթուղթը Կառավարության ամփոփիչ բյուջեն է, մարտահրավերներով լի հնգամյա ճանապարհի տրամաբանական եզրափակումը: 2026 թվականի բյուջեով ամփոփվել են այն առաջնահերթությունները, որոնք սահմանված են եղել Կառավարության ծրագրով՝ միաժամանակ հայացք ուղղելով դեպի խաղաղության եւ զարգացման նոր փուլ, որի հիմքերը դրվել են վերջին տարիներին:

Նախարարը խոսել է բյուջեի ճկունության եւ արագ փոփոխվող աշխարհի արդի մարտահրավերներին դիմակայելու կարեւորության մասին: Այս համատեքստում նա խոսել է արհեստական բանականության ազդեցության մասին, այդ թվում՝ տնտեսական գործընթացների վրա: Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ տեխնոլոգիական արագ զարգացման պայմաններում տնտեսության կայունությունը պետք է ապահովվի նորարարությունների եւ մարդկային կարողությունների հավասարակշռված ներդրմամբ՝ պահպանելով սոցիալական արդարությունն ու կայուն աճի հիմքերը: Նախարարի խոսքով յուրաքանչյուր հայաստանցի պետք է բարենպաստ պայմաններում ստեղծարար միտքն արտահայտելու եւ այն գործարկելու հնարավորություն ունենա:

Արձանագրվել է այն փաստը, որ առաջին անգամ բյուջեն քննարկվում է խաղաղության պայմաններում:

«Մեր որոշումների առանցքում Հայաստանի Հանրապետությունն է եւ այստեղ ապրող մարդը: Այս տրամաբանությամբ արվարձան կամ պերիֆերիա ասվածն այլեւս գոյություն չունի, ամբողջ Հայաստանի Հանրապետությունը կենտրոն է, այստեղ ապրող յուրաքանչյուր մարդ ինքնին»,- նշել է Վահե Հովհաննիսյանն ու հավելել. «Այսօր մեր կառուցած դղյակներն ու պալատները դպրոցներն ու մանկապարտեզներն են եւ լավ աշխատանքի իրական արդյունքը ոչ թե մեր ընտանիքի բարեկեցության, այլ բյուջեի եկամուտների ավելացումն է կամ որ նույնն է՝ հայաստանցիների բարեկեցության բարձրացումը, որի ազդեցությունը զգում է յուրաքանչյուրը: Մեր մոտեցումների ազդեցությունը տնտեսության զարգացման վրա ոչ միայն տեսանելի է, այլ նաեւ չափելի»: Իրականացված քաղաքականությունն արտահայտվում է ֆինանսական կայունության, եկամուտների աճի, ներդրումային միջավայրի վերափոխման եւ տնտեսության ներառական ու երկարաժամկետ աճի մեջ:

«Մեր տեսլականը պարզ է` ուզում ենք տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական եւ նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից իր ժամանակակից ենթակառուցվածքներով կդառնա տարածաշրջանի տնտեսական եւ մարդկային հոսքերի կարեւոր հանգույց: Այս պատմական խաղաղության ժամանակաշրջանը պատասխանատու քաղաքական հեռատեսության եւ առաջնահերթությունների ճիշտ հավասարակշռության մասին է: Հենց այս մոտեցումն է մեզ առաջնորդել 2026 թվականի ընտրական տարվա մեր բյուջեի նախագծման աշխատանքների ընթացքում: Մենք կարողացել ենք համադրել կարճաժամկետ եւ երկարաժամկետ հնարավորությունները՝ գտնելով դրանց հավասարակշռման կետը՝ միաժամանակ պահպանելով ֆիսկալ կայունությունը, նվազեցնելով դեֆիցիտը, ինչը կարելի է համարել իսկապես աննախադեպ մոտեցում»,- արձանագրել է նախարարը:

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ 2026 թվականին 5.4 տոկոս տնտեսական աճ է նախատեսվում՝ գրեթե հասնելով ՀՆԱ-ի 12 տրիլիոն մակարդակին, որը գերազանցում է նախնական կանխատեսումները: Բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի 4.5 տոկոսը 2025 թվականի 5.5 տոկոսի դիմաց՝ միջնաժամկետում նվազելով մինչեւ պարտքի բեռը կայուն պահող 2.8 տոկոսի:

Նախարարը խոսել է 2021-2026 թվականների իրականացված բարեփոխումների, բյուջեի աճի թիրախների եւ հարկեր-ՀՆԱ աճի մանրամասների մասին:

«Մեր նպատակն է շարունակաբար նվազեցնել բյուջեի պակասուրդը եւ պահպանել պետական պարտքը կայուն ու կառավարելի տիրույթում՝ միջնաժամկետ հատվածում այն պահպանելով 50 տոկոսին մոտ շրջանակում:  Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 628 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրիլիոն 924 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 704 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 5.9 տոկոսը»,- տեղեկացրել է Վահե Հովհաննիսյանը:

2026 թվականին կներդրվի անկանխիկ գործառնություններից համընդհանուր վերադարձի համակարգը: Այն քաղաքացիները, որոնք ՀՀ տարածքում անկանխիկ գործարքներ կկատարեն իրենց «ArCa» քարտերով՝ յուրաքանչյուր ամիս իրենց գործարքների մասով կստանան 2 տոկոս վերադարձ: Որոշ սահմանափակումներ կան. խաղային ոլորտի գործարքները եւ մի քանի այլ գործառնություններ դուրս կլինեն այս համակարգից:

2021-2026 թվականների ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջեն աճել է մոտ 60 տոկոսով:

Առողջապահության ոլորտին նախատեսվել է հատկացնել շուրջ 211 մլրդ դրամ, որը 2021 թվականի 123 մլրդ դրամի համեմատ աճել է 88 մլրդ դրամով կամ 71 տոկոսով:

2026 թվականին քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովման նպատակով ներդրվելու է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը: Այդ նպատակով 2026 թվականին 2025 թվականի համեմատ ծախսերն ավելացել են 44 մլրդ դրամով կամ 26.6 տոկոսով:

ԿԳՄՍ նախարարությանը նախատեսվել է հատկացնել 420 մլրդ դրամ, որը 2025 թվականի հաստատված բյուջեի մակարդակը գերազանցում է 57 մլրդ դրամով:

Էկոնոմիկայի նախարարությանը կհատկացվի 74 մլրդ դրամ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը՝ 325 մլրդ դրամ:

«Սա մեր հնգամյա ճանապարհի ամփոփիչ բյուջեն է: Այն միաժամանակ հաջորդ Կառավարության գործունեության երկու տարիների ուղենշային բյուջեն է, քանզի առաջին անգամ բյուջեն ներկայացնում ենք երեք տարվա հորիզոնով, որը պլանավորման մշակույթի հետեւողական բարելավման եւս մեկ դրսեւորում է: Այս բյուջեն մարդու մասին է»,- փաստել է Վահե Հովհաննիսյանը:

Այնուհետեւ նախարարը ներկայացրել է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների օրակարգը, մանրամասն խոսել պետական պարտքի մասով իրականացվող քաղաքականության, ֆինանսական շուկայի ընձեռած հնարավորությունների, ներդրումային ու հարկային քաղաքականությունների դրական միտումների, հարկային վարչարարության, գնումների համակարգի եւ ոլորտային այլ դրական տեղաշարժերի ու ֆինանսական հատկացումների աճող տեմպերի վերաբերյալ: Անդրադարձել է համաշխարհային տնտեսական գործընթացներին, առաջիկա տնտեսական կանխատեսումներին, գնաճային տատանումներին:

«2026 թվականի պետական բյուջեն մեր երկրի զարգացման ճանապարհային քարտեզն է: Այն միավորում է աշխատանքը, ջանքը, ստեղծարարությունը, պատասխանատվությունը եւ հավատը վաղվա օրվա նկատմամբ»,- եզրափակելով խոսքը՝ ընդգծել է Վահե Հովհաննիսյանը:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական