Մի շարք հաճախորդներ ահազանգել են, որ InecoBank-ի քարտային հաշիվներից կրկնակի գումար է գանձվում։
«Մինչ գիշերը մարդիկ քնած են, պարզվում ա, որ InecoBank-ը շարունակում է ակտիվ աշխատել ու կրկնակի գումարներ գանձել հաճախորդների քարտային հաշիվներից: Կրկնօրինակել են ձեր նախորդ օրերի գնումները, ու, եթե ամսաթվին ու ժամին ուշադիր չլինեք, կարող եք ենթադրել, որ դա ձեր գնումն է, մինչդեռ դուք դրա համար օրեր առաջ արդեն վճարել եք»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատերերից մեկը։
Բանկից պարզաբանել են՝ ինչու է գումար գանձվել.
«Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ բանկում ընթացող պրոցեսինգային համակարգերի բարելավման աշխատանքների ընթացքում սահմանափակ քանակի քարտային գործարքներ տեխնիկական պատճառներով սխալմամբ կատարվել են կրկնակի գումարով։ Կցանկանանք ընդգծել, որ հաճախորդները որևէ ֆինանսական կորուստ չեն կրել․ գումարները պարզապես ժամանակավոր սառեցվել են նշված բարելավման աշխատանքների ընթացքում։
Խնդիրը նույնականացվել է և գտնվում է շտկման փուլում։ Կրկնօրինակ գումարները ավտոմատ կերպով կվերադարձվեն հաշիվներին առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Ձեր կողմից որևէ լրացուցիչ գործողություն անհրաժեշտ չէ։ Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարության համար և գնահատում ենք ձեր վստահությունն ու ըմբռնումը»,-ասված է հայտարարության մեջ։