Հասարակություն

Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր

Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր

«Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» գործող օրենքը սահմանում է, թե ովքեր են հավերժացման ենթակա: Սահմանվում են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձեւերը: Դրանց շարքում է նաեւ հիշարժան օրերի եւ համապետական հիշատակի օրվա ընդունումը, սակայն մինչ օրս նման համապետական հիշատակի օր ընդունված չէ: Հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունների՝ ապրիլյան պատերազմի, 44-օրյա պատերազմի, Հայաստանի դեմ հարձակումների, 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների օրերին մեր զոհերի եւ նաեւ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնում ստորագրված խաղաղության հռչակագրի ընդունման փաստը՝ կարեւոր է մեկ օրվա սահմանումը, որի ընթացքում մենք կհարգենք տարբեր տարիների ռազմական իրադարձությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակը: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր եւ պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած օրինագիծը:

Առաջարկվում է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել եւ հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր: Այդ օրը կլինի ոչ աշխատանքային:

Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ հունվարի 27-ն է ընտրվել, քանի որ այն որեւէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ կապ չունի, բայց ունի որոշակի տրամաբանություն եւ խորհուրդ: «Ընտրել ենք հունվարի 27-ը՝ որպես Բանակի օրվան՝ հունվարի 28-ին նախորդող օր: Առաջին օրը մենք հարգանքի տուրք կմատուցենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին, կհարգենք նրանց հիշատակը, իսկ հաջորդ օրը որպես շարունակվող կյանքի եւ անկոտրում կամքի խորհրդանիշ՝ կտոնենք բանակի օրը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահն ու հավելել, որ սա չի նշանակում մոռացության մատնել պատմության մեջ կարեւորություն ունեցող այլ օրեր, սա չի նշանակում փոխարինել դրանք: ԱԺ փոխնախագահի խոսքով սա սգո օր չէ, այլ հիշատակի ու խոնարհումի օր է:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը կարեւորել է նախաձեռնության ընդունումը եւ գործընկերներին առաջարկել կողմ քվեարկել:

Կառավարությունն օրվա անվանումը հստակեցնող առաջարկ է ներկայացրել, որն ընդունվել է: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:

«Լիահույս եմ, որ օրենքը կընդունվի Ազգային ժողովի միաձայն քվեարկությամբ, քանի որ շատ կարեւոր է ունենալ հարցեր, որոնց շուրջ կա կոնսենսուս: Կարծում եմ՝ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հարգելուն նվիրված օրվա սահմանումը պետք է լինի այդ կոնսենսուսի մաս»,- եզրափակիչ ելույթում փաստել է ԱԺ փոխնախագահը: Նրա գնահատմամբ հայրենիքի պաշտպանությունը չպետք է քաղաքականացվի: Օրինագծի համահեղինակն այս համատեքստում կոչ է արել ընդդիմադիր գործընկերներին եւս կողմ քվեարկել:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական