Նոյեմբերի 11-ին, ժամը 16։14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ գազալցակայանում, պայթել է բեռնատար ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ պայթել է գազալցակայանում լիցքավորվող GAZelle մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը։
Պայթյունի հետևանքով վնասվել են կայանած VAZ, Mercedes-Benz և BMW մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել VAZ և GAZelle մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հերթապահություն մինչ GAZelle մակնիշի ավտոմեքենայի մյուս գազաբալոնում եղած գազի պարպվելը: