Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը սոցցանցի իր էջում գրել է․
«Այսօր լրացավ 5-րդ տարին և ավարտվեց Հանրայինի տնօրենի աշխատանքային պայմանագրիս ժամկետը։
Այս տարիների ընթացքում արվածից առանձնացրել եմ մի քանի կարևոր կետ.
Հանրայինը դարձավ հեռուստաընտանիք. արդեն գործող Առաջին ալիքին և Առաջինի միջազգային ալիքին ավելացան`
▪️ Առաջինի լրատվական ալիքը
▪️ Առաջին ալիք Ամերիկան
▪️ Նոր ալիքը
Առաջին ալիքում հաղորդումների քանակը կրկնապատկվեց՝ նույն բյուջեով, իսկ վարկանիշը զգալիորեն բարձրացավ։
Գործարկվեց 1TV Armenia հավելվածը, որով Հանրայինի ալիքների հեռարձակումը հասանելի է աշխարհի ցանկացած կետից։
2022-ին Հայաստանը հյուրընկալեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը՝ պատմության մեջ ամենամասշտաբայինն ու դիտարժանը։
Ստեղծվեց «Ֆեստիվառ» մարզային երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որն արդեն անցկացվել է 9 մարզում՝ 160,000-ից ավելի մասնակիցներով։
2021-ին հիմնադրվեց Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան, որն ունի ավելի քան 250 շրջանավարտ, նրանցից 56-ը այսօր աշխատում են Հանրայինում։
Վերջին հինգ տարում վերանորոգվել, վերակառուցվել և կառուցվել է շուրջ 12,000 քմ տարածք։
Ձեռք է բերվել շուրջ 2 մլրդ դրամի տեխնիկա։
Շարունակվում է Հանրային հեռուստաընկերության նոր մասնաշենքի կառուցումը, որը շահագործման կհանձնվի հաջորդ տարի՝ Հանրայինի 70-ամյակին։
Հաշվի առնելով ընթացիկ և ապագա ծրագրերը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի երեկվա որոշմամբ տնօրենի աշխատանքային պայմանագիրս երկարաձգվել է ևս երկու տարով։
Աշխատանքը շարունակվում է)»։