Նոյեմբերի 10-ին սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ դանակահարության հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է, մյուսը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Մինչ բժիշկները պայքարում էին 2-րդ վիրավորի կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, և ժամանելով դեպքի վայր, այնտեղ և հարակից՝ Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերել են արնանման հետքեր:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողների ինքնությունները ճշտելու, նրանց և հանցագործության գործիքը կամ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը 24-ամյա Սարգիս Զ.-ն է:
Ավելի վաղ Radar Armenia-ն հայտնել էր, որ Աբովյան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել։ ՆԳՆ-ից Radar Armenia-ին տեղեկացրել էին, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և բացահայտելու ուղղությամբ