Հասարակություն

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսական առաջընթացի կարևոր ոլորտներից է

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսական առաջընթացի կարևոր ոլորտներից է

Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում անցկացվող ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Գլխավոր ասամբլեայի 26-րդ նիստի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սոս Ավետիսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները, համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսական առաջընթացի կարևոր ոլորտներից է, որի զարգացման ուղղությամբ իրականացվում են հետևողական և նպատակային նախաձեռնություններ։

«Մենք նախատեսում ենք կենտրոնանալ զբոսաշրջային կարգավորումների վրա, ներառյալ՝ զբոսաշրջային ծառայությունների գործունեությունը, ճգնաժամային կառավարումը, ինչպես նաև բժշկական և արկածային զբոսաշրջության կարգավորումները»,- նշել է նախարարը:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում զբոսաշրջային կլաստերների զարգացմանն ու դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացմանը։ Պապոյանը նաև հույս հայտնել, որ Շեյխա Ալ Նոյիսի պաշտոնավարման ընթացքում զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և UNWTO-ի միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և ամրապնդվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական