Հասարակություն

Ջրային կոմիտեի նախագահը Սյունիք է այցելել

Ջրային կոմիտեի նախագահը Սյունիք է այցելել

Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանը և ՋԿ նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էին։

Այցի նպատակն էր տեղում ուսումնասիրել ջրային ենթակառուցվածքների խնդիրները, վերլուծել առկա համակարգերի արդյունավետությունը և քննարկել դրանց բարելավման ընթացիկ ծրագրերը։

ՋԿ ղեկավար կազմն այցելել է «Սյունիք» ջրօգտագործողների ընկերություն (ՋՕԸ), ապա տնօրեն Նաիրի Հովհաննիսյանի հետ շրջել «Սյունիք» ՋՕԸ-ի ենթակայությամբ գործող Մեղրու, Կապանի, Գորիսի և Սիսիանի տեղամասերով, այցելել այդ բնակավայրերը սպասարկող պոմպակայաններ։

Ղալամքարյանն ու Նալբանդյանը հյուրընկալվել են Սյունիքի մարզպետի աշխատակազմում, որտեղ քննարկումներ են ունեցել մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի և ոլորտային պատասխանատուների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի տարբեր համայնքներում հրատապ ուշադրություն պահանջող խնդիրներն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։

Կապանում Ղալամքարյանն ու Նալբանդյանը հանդիպել են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ, քննարկել ջրի կառավարման համակարգի արդիականացումը, մասնավորապես՝ Կապանի տարածաշրջանում ջրի ամբարման հնարավորությունները, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրի ցանցերի մաշվածության և մյուս ընթացիկ խնդիրները:

ՋԿ պատասխանատուները հանդիպել են նաև Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանին, քննարկել ոռոգման ենթակառուցվածքների ընթացիկ խնդիրները։ Մեղրիում կազմակերպվել է շրջայց Ալվանք, Շվանիձոր և Նռնաձոր բնակավայրերը սպասարկող պոմպակայաններ, ինչպես նաև հանդիպումներ ջրօգտագործողների հետ՝ նոր հիմնված այգիներում։

Ղալամքարյանն ու Նալբանդյանը եղել են նաև Լիճքի ջրամբարի տարածքում, որը նախատեսված է կառուցել Հանրային ներդրումային կոմիտեի վերջերս հաստատած ջրամբարաշինության 5 նախագծերից մեկի շրջանակում։

Ջրային կոմիտեն շարունակելու է մարզային այցելությունները ղեկավար անձնակազմի մակարդակով՝ նպատակ ունենալով ուսումնասիրել խմելու և ոռոգման ջրային համակարգերի ընթացիկ վիճակը, առանձնացնել առաջնահերթ խնդիրները և դիտարկել դրանց լուծման ուղիները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական