Հասարակություն

Մեկնարկել է ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը

Մեկնարկել է ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը

Այսօր մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը։

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29, ապա Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցներում ձևավորված քննական կենտրոններում հետևել է կամավոր ատեստավորմանը։

Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել են 53 քննական կենտրոններ, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել գերարագ ինտերնետային կապով: Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են նոյեմբերի 8-30-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ են ներկայացրել ավելի քան 8400 մանկավարժներ։ Առաջինը ատեստավորման քննություն հանձնում են «Աշխարհագրություն» և «Ինֆորմատիկա» առարկաներ դասավանդող ուսուցիչները: Համապատասխանաբար գրանցվել են 313 և 289 մասնակիցներ:

Նախարարը քննական կենտրոնների պատասխանատուների հետ քննարկել է կազմակերպական աշխատանքների հետ կապված հարցեր ՝ հույս հայտնելով, որ ատեստավորման արդյունքները դրական կլինեն՝ արդարացնելով մասնակիցների սպասումները։

Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են էլեկտրոնային ձևաչափով։ Համաձայն ընթացակարգի՝ արդյունքների մասին ուսուցիչները իրազեկվում են անմիջապես քննության ավարտից հետո, բողոքարկում կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ուսուցիչները քննական կենտրոնում պետք է ներկայանան մեկնարկից առնվազն 30 րոպե առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական