Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Արարատ գյուղի խաչմերուկում բախվել են կցորդիչով բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Mercedes»-ը և փակել ավտոմեքենայից պոկված գազաբալոնի փականը։
Մինչ քննչական խումբը կատարում էր դեպքի վայրի զննություն, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածի ինքնությունը։