Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման համաձայն` կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (մթերում և կաթի պաղեցում) արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, Տաշիր համայնք, Պրիվոլնոյե գյուղ):
Հիմքը ՍԱՏՄ Երևան կենտրոնի տեսուչների արձանագրությունն է այն մասին, որ այս ընկերությունում իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝
- կաթի մթերման և պաղեցման արտադրական շինությունը սարքավորված չի եղել ձեռքերը սրբելու, չորացնելու համար նախատեսված սարքերով,
- տարածքի հատակին եղել են լվացման, ախտահանման, ցամաքեցման աշխատանքների իրականացմանը խոչընդոտող անհարթություններ,
- պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, պատերին եղել են վնասված հատվածներ, ջրի խողովակների վրա եղել են
- կոռոզիայի հետքեր, իսկ լարերի վրա` կեղտի կուտակումներ,
- բացվող ներքին պատուհանին եղել են բորբոսի հետքեր,
- կաթի հավաքման տարողությունների և սառնարանների ոտնամասերին եղել են կոռոզիայի հետքեր։
Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ: