ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է նոր և վերազինված պայմաններին:
Բաժանմունքը նախատեսված է արագ բուժօգնություն, կարճատև հոսպիտալացում և տարբերակիչ ախտորոշում պահանջող իրավիճակների համար։ Նախարարը նոր բաժանմունքի բացումը համարել է կարևոր քայլ մայրաքաղաքի բնակչությանը որակյալ շտապ բուժօգնությամբ ապահովելու և համաճարակաբանական անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը սպասարկում է պետական պատվերի շրջանակում՝ համապատասխան բժշկական ցուցումների դեպքում։ Նորաբաց բաժանմունքում կարող են սպասարկվել բոլոր տարիքային խմբերի անձինք։
Միջազգային ու տեղական բոլոր ժամանակակից չափանիշներին համապատասխան կահավորված բաժանմունքում հասանելի են նաև լաբորատոր և գործիքային ախտորոշման շուրջօրյա ծառայություններ։