ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը և Տաթևիկ Գասպարյանը նոյեմբերի 7-ին հանդիպել են Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարության Եվրոպայի հարցերով պետքարտուղար Անդրեյա Մետելկո-Զգոմբիչի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանը կարևորել է Հայաստան-Խորվաթիա միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ մի շարք ոլորտներում առկա է գործակցության զարգացման մեծ ներուժ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն սերտ հարաբերություններին, ինչպես նաև մուտքի վիզաների ազատականացման գործընթացին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անդրեյա Մետելկո-Զգոմբիչը նշել է, որ իրենց այցի նպատակն է զարգացնել եվրոպական ձգտումներ ունեցող Հայաստանի հետ գործակցությունը: Դիվանագետը բարձր է գնահատել վերջին տարիների ընթացքում մեր երկրի ձեռքբերումները՝ հատկապես հարևանների հետ հարաբերություների կարգավորման առումով:
Հյուրերը ներկայացրել են Եվրոպական միությանն անդամակցության ընթացքում և դրանից հետո Խորվաթիայի կառավարության և այլ ինստիտուտների կառուցվածքի առանձնահատկությունները, պատրաստակամություն հայտնել այլ ձևաչափերով ևս իրականացնել փորձի փոխանակում: