Team Telecom Armenia-ի 5G ցանցը գործարկվել է Գյումրիում և Վանաձորում: Նորագույն սերնդի այս տեխնոլոգիայի շնորհիվ ևս երկու քաղաքների բնակիչներն էլ ավելի բարձր արագությամբ և հուսալիությամբ օգտվում են բոլոր ժամանակակից թվային հարթակներից ու ծառայություններից։ Team-ի բջջային ցանցերի արդիականացման լայնամասշտաբ աշխատանքները Երևանում ու մարզերում շարունակվում են:
«Միաժամանակ և՛ 4G ցանցն ենք վերազինում, և՛ 5G ցանցն ենք ընդլայնում՝ լիովին նոր որակական չափանիշներ ապահովելով բաժանորդների համար: Մեզ համար առաջնահերթ է անվտանգ և ժամանակակից ծառայությունների ապահովումը հանրապետության բոլոր անկյուններում, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Արդեն այս տարեվերջին Team-ի հազարավոր բազային կայաններ կաշխատեն բացառապես ժամանակակից տեխնոլոգիաներով՝ նպաստելով երկրի թվային միջավայրի դինամիկ զարգացմանը»,-նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Նորագույն ցանցի կառուցումն իրականացվում է համաշխարհային տեխնոլոգիական հսկա Ericsson ընկերության գերժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրմամբ։ Առաջադեմ տեխնոլոգիաների գործարկման շնորհիվ նաև առավել սահուն կիրականացվի ընկերության ռազմավարական ծրագրերից հերթականը՝ 2G ցանցի փոխարինումը՝ բաժանորդներին ապահովելով թվային առավել անվտանգ և որակյալ ծառայություններով:
Ցանցի վերազինումն իրականցվում է նաև միջպետական ճանապարհներին՝ ապահովելով կապի ծառայությունների հուսալիություն նաև երթևեկության ընթացքում։
Այսպիսով, Team-ի 5G ցանցն արդեն իսկ հասանելի է հանրապետության երեք խոշորագույն քաղաքներում՝ հարյուր հազարավոր քաղաքացիների ապահովելով անվտանգ, արդի և հուսալի բջջային կապով: