Հասարակություն

Հյուսիս-հարավ նախագիծը սկսում է բյուրեղանալ և ավելի շոշափելի դառնալ. վարչապետ

Հյուսիս-հարավ նախագիծը սկսում է բյուրեղանալ և ավելի շոշափելի դառնալ. վարչապետ

յսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշմամբ 8.4 մլրդ դրամ կհատկացվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը, 22 մլն դրամ նախատեսվում է տրամադրել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակներում ազդակիր հողամասերի գնահատման, մանրամասն չափագրման հետազոտության և գույքագրման, 8,7 մլն դրամ՝ Բարգուշատի թունելի նախագծի անվտանգության փորձաքննության իրականացման համար:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հյուսիս-հարավ նախագիծը սկսում է բյուրեղանալ և ավելի շոշափելի դառնալ, շինարարությունն արագ տեմպերով ընթանում է: Վարչապետը հետաքրքրվել է, թե նախագծի իրականացման ո՞ր փուլում ենք ներկայումս գտնվում, ինչին ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է. «Երևան-Գյումրիի առումով ունենք 2 հատված, որտեղ դեռ աշխատանքներ են տարվում՝ 34 կմ և 8 կմ ճանապարհահատվածներում: Երկու հատվածներում էլ աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: Ինչ վերաբերում է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածին, ապա 32 կմ հատվածում աշխատանքները մեկնարկել են անցյալ տարի: Տարեվերջին կունենանք 70 մլն դոլարի չափով կատարված աշխատանքներ»:

Փոխվարչապետը նշել է նաև, որ զուգահեռ աշխատանքներ են տարվում Սիսիան-Քաջարան հատվածում, 2 ճանապարհահատվածի ֆինանսավորման պայմանագրերը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ կնքվել են, մինչև տարեվերջ կհայտարարվեն կառուցման աշխատանքների մրցույթները: «Քաջարանից դեպի Մեղրի գնացող թունելի հատվածը միանալու է այս 32 կմ ճանապարհահատվածին, այնտեղ էլ շատ լավ աշխատանքներ են ընթանում կառուցողին ընտրելու ուղղությամբ: Մինչև տարեվերջ կունենանք ընտրված կառուցող, որը 2026 թ. աշխատանքներ կիրականացնի»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն երևում է, թե ինչպես են հասնելու ճանապարհի կառուցմանը: «Ես ուզում եմ նաև ընդգծել, որ այս տարի հատկապես մեր բյուջետային գործերն էլ են լավ ընթանում, և մենք արդեն բյուջեի տարեկան ծրագրի կատարման նկատմամբ ունենք դրական տրամադրվածություն»,-ասել է վարչապետը :

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ի պատասխան հայտնել է. «Հունվար-հոկտեմբերին բյուջեի հարկային եկամուտների և տուրքերի մոտ 14 տոկոս աճ ունենք: Այսինքն՝ երկնիշ աճերը պահպանվում են, այդ թվում՝ նաև հոկտեմբերին: Այս պահի դրությամբ, եթե հոկտեմբերն ամփոփած ասենք, ամբողջ այդ ծրագրի (2025թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով հարկային եկամուտների և պետական տուրքերի համար նախատեսված ցուցանիշ) 82 տոկոսը վճարվել է: Այսինքն՝ մեզ մնացել է ապահովել պետական բյուջեի մուտքերի 18 տոկոսը հարկ վճարողների հետ միասին»:

Օգտվելով առիթից՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին. «Այսօր ինչի մասին խոսեցինք՝ դպրոց, մանկապարտեզ, գույք, ճանապարհ և այլն, ամբողջը նրանց կատարած վճարումների հաշվին է: Ընդ որում՝ ուզում եմ ասել, որ վարկային միջոցներն էլ են նույն տրամաբանության հետ, որովհետև այդ վարկերը սպասարկվում են քաղաքացիների վճարած հարկերից: Կրկին ուզում եմ մեր բոլոր քաղաքացիներին խնդրել, հորդորել, որպեսզի գնումներ անելիս չմոռանան ՀԴՄ կտրոնի մասին, որովհետև, անկախ գործունեության տեսակից, դա նույնպես կարևոր գործողություն է՝ պետական բյուջեի եկամուտները գեներացնելու համար»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական