ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը մասնակցել եւ ողջույնի խոսքով է հանդես եկել Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովում:
Հակոբ Արշակյանը Հայաստանի զարգացման համատեքստում անդրադարձել է փոփոխվող աշխարհում ինտերնետի ու նոր տեխնոլոգիաների առանցքային նշանակությանը: ԱԺ փոխնախագահը խոսել է դեռեւս 1990-ականներին ամբողջ աշխարհում, այնուհետեւ նաեւ մեր երկրում ինտերնետի ազդեցության մասին` նշելով, որ ինտերնետը տնտեսության, հասարակության կյանքն ու կենցաղը փոխել եւ նոր հնարավորություններ է ստեղծել:
Անդրադառնալով զարգացման նոր հնարավորություններին, արհեստական բանականության, ռոբոտաշինության ու ավիատիեզերական ոլորտների զարգացմանը՝ նա, մասնավորապես, նշել է. «Առերեսվում ենք մի իրավիճակի, երբ արհեստական բանականությունը փոխում է ամբողջական արդյունաբերական շղթաներ: Այն արդեն մեր կյանքում է, բայց դրա ներկայությունը, կարծում եմ, առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղը»: ԱԺ նախագահի տեղակալը խոսել է տարբեր ժամանակներում ոլորտում նորարարության ազդեցությունների, դրանց վերաբերյալ վերաբերմունքի մասին:
ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ տարիների ընթացքում ամբողջական փոփոխության է ենթարկվելու ե՛ւ արդյունաբերությունը, ե՛ւ հասարակական կյանքը: Այս համատեքստում նա կարծիք է հայտնել, որ առաջիկայում արհեստական բանականությամբ զինված մարդանման ռոբոտները մարդկությանը կազատեն կենցաղային մի շարք հոգսերից՝ հնարավորություն տալով ավելի շատ զբաղվելու կրթությամբ, գիտությամբ, ստեղծարար աշխատանքով, իրենց սիրած զբաղմունքով, երեխաների դաստիարակությամբ:
«Երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության հարցերը կապված են լինելու այն հանգամանքի հետ, թե երկրները որքանով են կարողանում նոր տեխնոլոգիաները, մասնավորապես՝ արհեստական բանականությունը, ռոբոտատեխնիկան, ավիատիեզերական տեխնոլոգիաներն օգտագործել իրենց զարգացման, իրենց հասարակություններին ծառայեցնելու համար եւ որքանով է այդ կրթական միջավայրը հասանելի լինելու մարդկանց ու որքանով են մարդիկ դրանից օգտվելու»,- փաստել է Հակոբ Արշակյանը:
Այս համատեքստում նա կարեւորել է ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքները, որի որոշման արդյունքում ստեղծվել եւ գործում է Նորարարության հայկական հիմնադրամը: Նշելով, որ այն երկարաժամկետ պետական ծրագրերի ստեղծման համար պատասխանատու մարմին է՝ ԱԺ փոխխոսնակը մանրամասնել է դրա շրջանակում իրականացվող աշխատանքները՝ միտված ոլորտի զարգացմանը:
Հայաստանի ինտերնետ դիմակայության, թվային քաղաքականության, լայնաշերտ ինտերնետի հասանելիության եւ տեխնոլոգիական առաջընթացի հնարավորություններն ու մարտահրավերներն են քննարկվել նոյեմբերի 6-ին կայացած Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովում: