Հասարակություն

«Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրվել են ժամկետանց բժշկական պարագաներ

«Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրվել են ժամկետանց բժշկական պարագաներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2025 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Այցի ընթացքում, ի թիվս այլնի` ուսումնասիրության առարկա են դարձել քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքների համալրվածությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, հոգեբանական աշխատանքներին և վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն:

Պաշտպանը ողջունում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2025 թվականին իրականացված վերանորոգման աշխատանքները, որի արդյունքում ամբողջապես հիմնանորոգվել են ՔԿՀ-ում տեղակայված բժշկական մասնաշենքը և կարանտինային բաժանմունքի խցերը։

Միևնույն ժամանակ, արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են:

Այսպես.

  • քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս ազատությունից զրկված ոչ բոլոր անձինք են ապահովվել անհրաժեշտ անկողնային պարագաներով, սպասքով և հիգիենիկ պարագաներով,
  • մասնաշենքերում առկա տեսագրող և տեսաձայնագրող համակարգերը չեն ծածկել ՔԿՀ-մասնաշենքերի ամբողջ տարածքը և հաճախ ունեցել են պատկերները վերարտադրելու տեխնիկական խնդիրներ, ինչը խնդրահարույց է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և անվտանգության ապահովման տեսանկյունից,
    պատժախցային մասնաշենքը, այդ թվում՝ խցերն ունեն հրատապ վերանորոգման անհրաժեշտություն,
  • արձանագրվել են ազատությունից զրկված, այդ թվում՝ օտարերկրացի անձանց լիցենզավորված արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունում կցագրման խնդիրներ,
  • արձանագրվել են ազատությունից զրկված, այդ թվում՝ օտարերկրացի անձանց բժշկական հետազոտություններն ու նեղ մասնագիտական խորհրդատվությունները ժամանակին, առանց ձգձգումների կազմակերպելու դժվարություններ, որոնք շատ դեպքերում պայմանավորված են նաև պահակախմբերի և տրասնպորտային միջոցների սակավությամբ,
    ազատությունից զրկված մի շարք անձինք օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց առանձին պահելու վերաբերյալ որոշում կայացնելու՝ փաստացի տևական ժամանակ պահվել են մեկուսի,
  • արձանագրվել են քրեակատարողական հիմնարկ նոր ընդունված ազատությունից զրկված անձանց նախնական բժշկական զննության իրականացման հետ կապված խնդիրներ. մասնավորապես, զննությունը շարունակում է իրականացվել ոչ պատշաճ՝ ամբողջական բժշկական զննություն չի իրականացվում, այն իրականացվում է կարանտինային բաժանմունքում խուզարկության համար առանձնացված սենյակում՝ խուզարկության հետ համատեղ՝ քրեակատարողական ծառայողների հետ միասին։ Ավելին, նշված սենյակը բժշկական զննության համար նախատեսված և կահավորված չէ,
  • նախնական բժշկական զննություն իրականացվել է, երբ անձն առաջին անգամ ընդունվել է քրեակատարողական հիմնարկ, իսկ այլ դեպքերում, երբ անձը տեղափոխվել է դատարան կամ վարույթային կամ ապացուցողական որևէ այլ գործողությանը մասնակցելու համար, հիմնարկ մուտք գործելիս անձինք բժշկական զննության չեն ենթարկվել,
  • արձանագրվել են ժամկետանց բժշկական պարագաներ, մասնավորապես՝ հեպատիտ «Ց»-ի արագ հայտնաբերման ստրիպներ,
    արձանագրվել է մասնաշենքերում, այդ թվում՝ խցերում միջատների և կրծողների առկայություն,
    ստացվել են ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի առնչությամբ տեղեկություններ, ինչի վերաբերյալ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան քննություն,
  • արձանագրվել են դատարան տեղափոխվող անձանց սննդով ապահովելու հետ կապված խնդիրներ,
  • հոգեբանի հաստիքները շարունակում են մնալ անբավարար,
  • արձանագրվել են կալանավորված օտարերկրացի անձանց հագուստով ապահովման խնդիրներ,
  • արձանագրվել են ազատությունից զրկված օտարերկրացի անձանց իրենց կրոնական համոզմունքներին համապատասխան սնունդ տրամադրելու հետ կապված խնդիրներ,
  • առկա է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժանձնակազմի և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների միջև աշխատանքային հարաբերությունների բարելավման անհրաժեշտություն։

Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ խնդիրները քննարկել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։

Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում:

Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական