ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Սասուն Առուշանյանի վերաբերյալ ավարտվել է. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։
«Վահրամ Խորխոռունու սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի վերաբերյալ ավարտվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է հետախուզման մեջ գտնվող անձի վերաբերյալ»,-ասացին կոմիտեից։
Մեր տեղեկություններով, հետախուզման մեջ գտնվողը Հրայր Նարիմանյանն է։
Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսին ՔԿ-ն հայտնել էր, որ Խորխոռունու սպանության գործը բացահայտվել է, մեկ անձ՝ Սասուն Առուշանյանը կալանավորվել էր։ Ըստ հաղորդագրության՝ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը։ Այս գործով անցնող Ա.Ա.-ն՝ Արմեն Առաքելյանը, սպանված է։
Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ գործը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան է ստացվել նոյեմբերի 3-ին, և դատավոր մակագրվել Գևորգ Պողոսյանին. «Սասուն Սուրենի Առաշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հրայր Համլետի Նարիմանյանի և Արմեն Զինավորի Առաքելյանի հետ՝ խմբի խազմում 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, շահադիտական դրդումներով, քրեական վարույթի նախաքննությամբ դեռևս չպարզված անձի կազմակերպմամբ իրականացրել են ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Վահրեսի Խորխոռունու սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն»,- ասված է մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ: