Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկ բնակավայրում գտնվող՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով գրանցված հողամասի վերաբերյալ պայմանագրերը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին:
Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Արևիկ առողջարան» ՍՊ ընկերության միջև 2007 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու թիվ 863-171 պայմանագիրը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝
- Դրախտիկ գյուղից 5 կմ դեպի արևմուտք գտնվող՝ 40.900 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվում է «Արևիկ առողջարան» ՍՊ ընկերությանը:
- «Արևիկ առողջարան» ՍՊ ընկերությունը, շուրջ մեկ տարի անց՝ 2008 թվականի հունիսի 9-ին, վերոնշյալ հողամասից 74 հեկտարի կառուցապատման իրավունքը վաճառում է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մորը՝ Հեղուշ Գալստյանին:
- 2008 թվականի հունիսի 12-ին գրանցվում է Հեղուշ Գալստյանի կառուցապատման իրավունքը, տրվում է պետական գրանցման վկայական:
- Գեղարքունիքի նախկին մարզպետի կողմից 2010 թվականի հունիսի 20-ին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ վերոնշյալ 0.74 հա հողամասի կառուցապատման համար:
- 2011 թվականի փետրվարի 25-ին գրանցվում է Հեղուշ Գալստյանի կառուցապատման իրավունքը և տրամադրվում պետական գրանցման վկայական:
Գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ, ի թիվս այլնի, պարզվել է, որ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականի հունիսի 20-ին՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու պահին, նշված հասցեում ինքնակամ կառուցված է եղել 382.5 քմ շինությունը: Կադաստրային գործում բացակայում են շինությունների գրանցման համար հիմք հանդիսացող՝ շինարարության թույլտվության, շինարարության ավարտական ակտի վերաբերյալ տվյալները:
Հեղուշ Գալստյանին կառուցապատման իրավունքով պատկանող՝ 0.48 հա (Դրախտիկ 1-ին փողոց 97 հասցե) և 0.74 հա մակերեսով հողամասերի միավորման արդյունքում առաջացած՝ 1.22 հա հողամասին տրվում է «Գեղարքունիքի մարզ, Շողակաթ համայնք, գյուղ Դրախտիկ, 1-ին փողոց, 97 հասցեն»:
Քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա՝ 2018 թվականի հունվարի 19-ին վերոնշյալ հասցեով գրանցվում է Հեղուշ Գալստյանի կառուցապատման իրավունքը 1.195 հա հողամասի նկատմամբ, տրվում է պետական գրանցման վկայական:
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի ղեկավարի կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունը և ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) տրամադրելու պահին՝ 2017 թվականի հունվարի 22-ին, նշված հասցեում ինքնակամ կառուցված են եղել վերոնշյալ փաստաթղթերով կառուցման ենթակա շինությունները:
Այսպիսով, Դատախազության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է՝
- 2010 թվականին Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինքնակամ կառուցված 5 քմ շինության առկայության պայմաններում տրամադրել են ճարտարապետահատակագծային առաջադրանք.
- Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կատարել են ապօրինի գրանցումներ.
- 2017 թվականին Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքապետարանի պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինքնակամ կառուցված շինությունների առկայության պայմաններում, տրամադրել են ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինարարության թույլտվություն և ավարտական ակտ.
- 2010-2017 թվականներին Գեղարքունիքի մարզի Դրախտիկի համայնքապետարանի պաշտոնատար անձինք Գեղարքունիքի մարզի Դրախտիկ 1-ին փողոցի 97 հասցեի շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվություն կիրառելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել:
Ուսումնասիրության արդյունքներով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը՝
- 2025 թվականի հոկտեմբերի 24-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
- Միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկ բնակավայրում գտնվող՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով գրանցված հողամասի վերաբերյալ պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: