Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկում է ունեցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Նրանք անդրադարձել են առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը։ Վարչապետը տեղեկացրել է, որ համակարգը պլանավորում են ներդնել 2026թ․ հունվարից։
«Դեռ շարունակվում է խոսույթի մեջ օգտագործվել առողջության ապահովագրություն արտահայտությունը, բայց նշեմ, որ համապարփակ չէ, քանի որ ոչ բոլոր համակարգերն են ծածկվում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ ոչ բոլոր ծառայություններն են մատուցվելու։ Նա ընդգծել է, որ ապահովագրության համակարգը համընդհանուր է լինելու։
Առողջապահության նախարարը ընդգծել է, որ ապահովագրության համակարգը որոշակի սահմանափակումներ է ունենում. «Մենք առանձնացրել ենք կարևոր ծառայությունները։ Հաշվի ենք առել, թե Հայաստանում առկա ծառայությունների ինչ շրջանակ ունենք՝ սարքավորումների, բուժաշխատողների կազմի առումով»,-նշել է նա։
Նախարարի խոսքով՝ փաթեթի արժեքը բոլոր քաղաքացիների համար նույնն է. տարբերությունն այն է, թե անձի համար ով է վճարելու. «Պետական բյուջեից վճարվելու է մինչ 18 տարեկանների, 65 տարեկան լրացած և ավելի, և հաշմանդամություն ունեցող՝ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգեր ունեցող անձանց վճարը»,-նշել է նա։
Նշենք, որ փաթեթը կսահմանվի 129.600 դրամ։