Հասարակություն

Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում

Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում

Նոյեմբերի 5-ին վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներին։

Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալը նոյեմբերի 5-ից 6-ը գտնվում է Հայաստանում՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հայկական կողմին փոխանցելու նպատակով։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ վիզաների ազատականացումը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլ է՝ ուղղված վստահության և ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունակության և հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները։
ԵՄ ներկայացուցիչը բարձր է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը և շնորհակալություն հայտնել նախարար Սարգսյանին գործընթացի արդյունավետ համակարգման համար։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է իրականացնելու բարեփոխումները՝ նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ և դյուրին ճամփորդելու հնարավորություններ՝ դեպի Եվրոպական Միություն։

Նշենք, որ, այս պահին Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն է որի հետ ԵՄ-ն վարում է Վիզաների ազատականացման գործընթաց:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական