Դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը։
Դատական նիստն ընթացել է դռնփակ, իսկ նիստի մասին ծանուցում եղել է երեկ, երբ ներկայացվել է միջնորդությունը։
Ս.Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը տեղեկացրել է, որ նախկին նախագահի խափանման միջոցը շարունակում է մնալ գրավը. «Եթե չնչին հիմնավորում լիներ, դատարանը կբավարարեր միջնորդությունը»,- ասել է նա։
Սերժ Սարգսյանն էլ, լրագրողի հարցին ի պատասխան, նշել է. «Ես նմա՞ն եմ մարդու, որ կարող է փախչել։ Ես որտեղի՞ց եմ փախել, որ ստեղից փախնեմ։ Նույնիսկ եթե վստահ լինեմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես էս երկրից չեմ փախչի։ Էս իմ երկիրն է, էս իրանց երկիրը չի, իմ երկիրն է, ես իմ երկրից ո՞ւր պիտի փախնեմ։ Ի՞նչ օպերատիվ տվյալներ. այդ տվյալներով՝ պետք է վաղուց փախած լինեի»։