«Հաղորդագրություն տարածվել է, որ երեխաները տեղափոխվել են ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն։ Ասեմ, որ տեղափոխումը մոր համաձայնությամբ է եղել, նա երեխաներին տարել է այնտեղ և ետ եկել»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Ծափաթաղ գյուղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը։
Հիշեցնենք՝ Ծափաթաղում հայրը խեղդամահ էր արել 3-ամյա Տիգրան Օվանեսովին։ Հոկտեմբերի 27-ից մոտ մեկ շաբաթ շարունակ երեխան համարվում էր անհետ կորած. նրան որոնում էին։ Արդեն նոյեմբերի 2-ին, ժամը 15։00-ի սահմաններում, Ծափաթաղ գյուղի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել էին երեխայի դին։
Իսկ հաջորդ օրը ՆԳ նախարարը հայտարարեց՝ երեխային սպանել էր հայրը՝ խեղդամահ անելով։ Երեխային սպանել է ընտանեկան վեճից հետո՝ ըստ լուրերի՝ կասկածելով, որ նա իր երեխան է։
Այժմ նա կալանավորված է։ Մեր տեղեկություններով, մեկշաբաթյա որոնումներից հետո նա է մեղայականով ներկայացել իրավապահներին, նաև նշել է, որ այդ օրերին երեխայի դին տեղափոխել է, որպեսզի չգտնեն։
Դեպքից հետո մյուս երկուս երկու երեխաները տեղափոխվել են ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն։
Հիշեցնենք, որ 3-ամյա Տիգրանին վերջին անգամ գյուղացիները տեսել էին եղբոր հետ խաղալիս։ 5-ամյա եղբայրը, որ չի կարող խոսել, որոնումների օրերին իրավապահներին փորձել է պատմել՝ ձեռքերը դեպի կոկորդը տանելով, այդպես նշաններ անելով։
Radar Armenia-ի հետ զրույցում համայնքապետը, անդրադառնալով այդ ընտանիքին, նշեց, որ նախկինում որևէ խնդիր չեն նկատել. «Նաև չենք լսել հարևաններից որևէ բողոքներ»։
Անդրադառնալով հարցին՝ ընտանիքը որևէ օգնություն ստացե՞լ է, վարչական ղեկավարն ասաց. «Այո, և՛ համայնքապետարանից, և՛ տարբեր ՀԿ-ներից»։
Լիլիթ Աբրահամյան