ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 5-6-ը Ստրասբուրգում կմասնակցի Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպվող Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին:
Ֆորումը համախմբում է տարբեր երկրների պետական, քաղաքական և հասարակական կառույցների ներկայացուցիչների՝ քննարկելու ժողովրդավարության արդի մարտահրավերներն ու զարգացման ուղիները։
Ֆորումի շրջանակում ԿԳՄՍ նախարարը «Ինչպե՞ս կարող են մշակույթը և մշակութային քաղաքականությունն ամրապնդել ժողովրդավարությունը» խորագրով պլենար նիստին հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի փորձը և նախաձեռնությունները մշակույթի ու կրթության միջոցով ժողովրդավարական արժեքների խթանման, հասարակության ներգրավվածության և մշակութային բազմազանության պահպանման ուղղությամբ։
Այցի ընթացքում Ժաննա Անդրեասյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ քննարկելու մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության առաջմղման, ներառական կրթության և հավասար հնարավորությունների ապահովման, կրթական բարեփոխումների, ինչպես նաև կրթության և մշակույթի՝ ժողովրդավարության ամրապնդման գործում ունեցած դերակատարությանը վերաբերող հարցեր։
Ֆորումի շրջանակում նախատեսված են նաև թեմատիկ քննարկումներ, որոնք կանդրադառնան ժողովրդավարական գործընթացներում մեդիայի դերին, քաղաքացիների մասնակցության, ինչպես նաև մշակութային և ստեղծագործական նախաձեռնությունների զարգացման հեռանկարներին։