Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Սոցիալական զարգացման համաշխարհային երկրորդ համաժողովում։
«Մեծ պատիվ է հանդես գալ այս կարևոր համաժողովում՝ վերահաստատելով մեր ընդհանուր հանձնառությունը Կոպենհագենի հռչակագրի սկզբունքներին։ Երեսուն տարի անց նրա ուղերձը մնում է նույնքան հստակ և նշանակալի․ մարդը պետք է լինի զարգացման կենտրոնում։
Հայաստանի համար այս համոզմունքը մշտապես եղել է մեր ազգային վերափոխման հիմքում՝ անկախության վերականգնումից ի վեր։ Մեր առաջընթացի տեսլականը հիմնված է մարդկային արժանապատվության, հավասարության, մարդու իրավունքների և սոցիալական արդարության վրա։ Մենք հավատում ենք, որ արդար, խաղաղ և ներառական հասարակությունը այն է, որտեղ մարդիկ զորացված են՝ և յուրաքանչյուրն ունի սովորելու, աշխատելու, խաղաղ ապրելու և ընդհանուր բարօրությանը մասնակցելու հնարավորություն։
Վերջին տասնամյակներում Հայաստանը իրականացրել է համապարփակ սոցիալական և տնտեսական բարեփոխումներ՝ ուղղված ներառական, կայուն և մարդակենտրոն պետություն կառուցելուն։ Մեր Ազգային զարգացման ռազմավարության, Աշխատանքի ռազմավարական ծրագրի (2025-2031) և Սոցիալական պաշտպանության ռազմավարության միջոցով մենք ընդլայնում ենք արժանապատիվ աշխատանքի հնարավորությունները, ամրապնդում սոցիալական անվտանգության ցանցերը և ապահովում, որ հիմնական ծառայությունները հասանելի լինեն բոլորին՝ հատկապես առավել խոցելի խմբերին, որպեսզի ոչ ոք չմնա անտեսված։
Մեր ջանքերը կարևորում են բարձրորակ աշխատատեղերի ստեղծումը, կանանց տնտեսական զորացումը, ինչպես նաև երիտասարդների և սոցիալապես անապահով խմբերի ներգրավումը աշխատաշուկա։ Մարդկային կապիտալի զարգացման մեջ ներդրումները հիմք են դնում կայուն և ներառական տնտեսական աճի համար։
Սոցիալական արտակարգ աջակցության համակարգի ստեղծումը ներդրել է նոր մոտեցումներ՝ ուղղված առավել խոցելիներին զորացնելուն՝ օգնելով նրանց անցում կատարել սոցիալական կախվածությունից դեպի ինքնաբավություն՝ եկամուտ ստեղծելու միջոցով։
Բարձրորակ, ներառական և մատչելի կրթությունը մարդկային կապիտալի զարգացման հիմնական նախապայման է և Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը։ Բարձր կրթությամբ և տաղանդավոր մարդիկ միշտ եղել են մեր երկրի մրցակցային առավելությունը և տնտեսության հիմքը։ Այս համատեքստում կրթությանը հատկացվող միջոցները վերջին տարիներին աճել են ավելի քան 25 տոկոսով։
«300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագիրը նպատակ ունի մինչև 2026 թվականը կառուցել և վերանորոգել կրթական հաստատություններ։ Դպրոցականների բավարար սնունդն ու առողջությունը ապահովելու նպատակով կառավարությունը «Դպրոցական սննդի ծրագիրը» ներդրել է ազգային մակարդակով և հաջողությամբ իրականացնում է այն Հայաստանի բոլոր մարզերում, իսկ մայրաքաղաք Երևանը ծրագրով կներառվի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հետ համագործակցությամբ։
Միևնույն ժամանակ մենք գիտակցում ենք, որ խաղաղությունն ու անվտանգությունը սոցիալական զարգացման հիմնական նախապայմաններն են։ Խաղաղ տարածաշրջանային միջավայրը և բարիդրացիական հարաբերությունները հնարավորություն են տալիս գաղափարների, ապրանքների և մարդկանց ազատ շարժին՝ բացելով նոր ուղիներ փոխշահավետ զարգացման համար։
Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նպատակ ունի խթանել ոչ միայն տրանսպորտային կապերն ու առևտուրը, այլև հասարակությունների կապն ու մարդկանց միջև շփումները։
Հայաստանի ժողովրդավարական վերափոխումն ու բարեկառավարման, թափանցիկության և իրավունքի գերակայության նկատմամբ հանձնառությունը շարունակում են ուղղորդել մեր քաղաքականությունը։
Մենք աշխատում ենք մեր պետական ինստիտուտները դարձնել ավելի թափանցիկ, որոշումների կայացման գործընթացը՝ ավելի մասնակցային, իսկ կառավարումը՝ առավել հաշվետու։ Այս կերպ մենք ձգտում ենք ապահովել, որ տնտեսական առաջընթացը անմիջականորեն արտացոլվի սոցիալական բարեկեցության և արդարության մեջ բոլոր քաղաքացիների համար։
Այսօր մարդկությունը կանգնած է համաշխարհային մարտահրավերների առաջ՝ հասարակությունների միջև և ներսում անհավասարություններ, աղքատություն, համավարակներ, կլիմայի փոփոխություն։ Այս ամենը հիշեցնում է, որ սոցիալական առաջընթացը չի կարող ապահովվել մեկուսի ձևով։ Այն պահանջում է համատեղ ջանքեր, համերաշխություն և ժողովուրդների միջև փոխվստահություն։ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի համակարգի և նրա զարգացման գործընկերների դերը՝ աջակցելու ներառական սոցիալական պաշտպանությանը, զբաղվածության խթանմանը և կրթական նախաձեռնություններին մեր երկրում։
Սոցիալական զարգացումը միաժամանակ բարոյական պարտավորություն է և ներդրում խաղաղ ապագայի համար։ Մեր հասարակությունների հաջողությունը չի չափվի միայն տնտեսական աճով, այլև նրանով, թե որքանով ենք կարողանում պահպանել յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու իրավունքները»։