Հասարակություն

Ծիծեռնակաբերդում մինչև ապրիլ աշխատանքներն ավարտվելու են. ԿԳՄՍ նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ծիծեռնակաբերդում մինչև ապրիլ աշխատանքներն ավարտվելու են. ԿԳՄՍ նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ծիծեռնակաբերդում անում ենք անհրաժեշտ աշխատանքները, դրանք շարունակվում են, ես ինքս ամեն շաբաթ լինում եմ հուշահամալիրում, որպեսզի տեսնեմ՝ ինչպես են աշխատանքներն ընթանում,- հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով, ամբողջ ընթացքը վերահսկվում է մասնագիտական կազմի կողմից, որը թե տեխնիկական, թե հեղինակային հսկողություն իրականացնող անձինք են. «Գիտեմ, որ շատ են մանիպուլյացիաները: Հենց այդ բառով կոչում եմ՝ մանիպուլյացիա, որովհետև ինչ արվում է Ծիծեռնակաբերդում մույթերի վերականգնման հետ կապված, նորություն չէ տեխնոլոգիական իմաստով նաև: 2015 թ. այդ նույն տեխնոլոգիայով իրականացվել է հուշասյուների վերանորոգումը, և բնականաբար, այս նույն տեխնոլոգիական լուծումները շատ երկար ու մանրամասն քննարկվել են գիտական խորհրդում»,- ասել է նա:

Անդրեասյանը նաև նշել է, որ լուրջ չէ, երբ մասնագետները տարիներով աշխատում են ինչ-որ նախագծի վրա, իսկ մեկը 5 րոպեով անցնելով, եզրակացություն է անում. «Դա լուրջ չէ, պետք է դադարենք այդպես վերաբերվել մեր իրականության կարևորագույն խնդիրներին: Իսկ Ծիծեռնակաբերդը մեզ համար կարևորագույն հուշահամալիր է: Եվ այնտեղ նույնիսկ մեկ միլիմետր որևէ բան անելը, փոփոխությունը անցնում է համապատասխան ընթացակարգ»:

Անդրեասյանի տեղեկացմամբ, երեք մույթերում երբ աշխատանքը ամփոփվի, իրենք գիտամեթոդական խորհուրդում կքննարկեն, և կորոշեն հաջորդ մույթերի հետ կապված հետագա աշխատանքները: «Խնդրում եմ՝ այդ ապատեղեկատվությունն առնվազն դադարեցնել, հուշահամալիրը բաց է, թանգարանը բաց է, բոլոր աշխատանքները կազմակերպվում են այնպես, որ դրանք երբևէ չխանգարեն որևէ այցելուի մուտքին: Եվ մինչև ապրիլ այս պահին սկսված աշխատանքներն ավարտվելու են»,- ասել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական