Գերմանիայի դեսպանությունը հայտնել է, որ մինչև 2027 թվականը Գերմանիան Հայաստանին 152 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի ռազմավարական ոլորտներում:
«Հաջողությամբ ավարտվել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկրորդ միջկառավարական բանակցությունները։
Հայաստանը և Գերմանիան համաձայնության են եկել վերականգնվող էներգակիրների, էներգաարդյունավետության, մասնավոր հատվածի զարգացման, մասնագիտական կրթության, ջրամատակարարման և ջրահեռացման, ենթակառուցվածքների, ինչպես նաև լավ կառավարման, ապակենտրոնացման ու համայնքային զարգացման ոլորտներում ռազմավարական համագործակցության շուրջ։ Այդպիսով, Գերմանիան շարունակում է լինել Հայաստանի երկկողմ հարաբերություններում ամենակարևոր գործընկերներից մեկը։
Գերմանական կողմից բանակցությունները գլխավորել է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պետքարտուղար Նիլս Անենը։ Նա նշեց. «Գերմանիայի գերակա նպատակը Հայաստանի ժողովրդավարության և բարեփոխումների գործընթացի ռազմավարական աջակցությունն է, մասնավորապես՝ ԵՄ-ի հետ հետագա մերձեցումը, տնտեսության դիվերսիֆիկացիան ու հատկապես կանաչ տնտեսության զարգացումը, բայց, իհարկե, ամենից առաջ՝ հայ հասարակության բարեկեցության և սոցիալական ինտեգրման խթանումը։ Միայն այս հիմքի վրա կարող են հաջողվել և կայունանալ խաղաղության կառուցման ներկայիս ջանքերն ու սահմանների հնարավոր բացումը»։
Երկօրյա բանակցություններին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած 12 հոգանոց հայկական բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում էին ամենակարևոր գործընկեր նախարարությունների ութ փոխնախարարներ և ՀՀ վարչապետի գրասենյակը։
Գերմանիան շարունակում է մնալ Հայաստանի հուսալի գործընկերը նաև 2026 թվականի առաջիկա քաղաքական հանգրվանների առումով։ Լրացուցիչ աջակցություն կտրամադրվի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար, ինչպես նաև ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի #CoP17-ին։
ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, իրականացնող գործընկերներ GIZ-ի և KfW զարգացման բանկի կողքին գերմանական պատվիրակության կազմում էին նաև ԳԴՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի, կլիմայի պաշտպանության և միջուկային անվտանգության նախարարությունը։ Իրական արդյունք #TeamGermany-ի կողմից՝ ժողովրդավարական և ուժեղ Հայաստանի համար։
Մենք անհամբեր սպասում ենք մեր համատեղ համագործակցության շարունակությանը»։