Հասարակություն

2026 թ. բյուջեով ՆԳՆ-ին կհատկացվի 120.6 մլրդ դրամ

2026 թ. բյուջեով ՆԳՆ-ին կհատկացվի 120.6 մլրդ դրամ

2026 թվականի բյուջեի նախագծով Ներքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 120 մլրդ 644 մլն դրամ, որը 2025 թվականի համեմատ պակաս է 2 մլրդ 355 մլն դրամով: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նոյեմբերի 3-ին խորհրդարանում շարունակվել են բյուջետային քննարկումները: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկայն եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը նախագահել են Անդրանիկ Քոչարյանն ու Ծովինար Վարդանյանը:

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է գալիք տարի իրականացվելիք միջոցառուներին՝ նշելով, որ կարդիականացվի սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը: Զեկուցողի խոսքով ներդրումային ծրագիրն արժանացել է Կառավարության համապատասխան հանձնաժողովի հավանությանը: Նախատեսվում է ձեռք բերել երկրաքիմիական կայանի 6 տնակ, ինչպես նաեւ 13 կարեւորագույն նշանակության սարքեր ու սարքավորումներ, որոնք թույլ կտան ավելի ճշգրիտ հաշվարկներ իրականացնել սեյսմիկ պաշտպանության ոլորտում:

Խոսելով Փրկարար ծառայության ներդրումային ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցից՝ նախարարը տեղեկացրել է, որ 2026 թվականին նախատեսվում է նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերում:

«Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում գործող կառուցվածքին համապատասխան մենք նախատեսել ենք կազմակերպել եւ իրականացնել 6 ծրագրով աշխատանքներ՝ 32 քաղաքականության միջոցառմամբ»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը:

Ներկայացնելով հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ նախարարը փաստել է, որ 2025 թվականի ինն ամիսների հաշվարկով գրանցված հանցավորության ընդհանուր պատկերում առկա է լատենտային համարվող հանցագործությունների բացահայտման էական աճ: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր հանցավորության կառուցվածքում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը նվազել է 0, 7 տոկոսվ: Ըստ զեկուցողի՝ իրականացված աշխատանքների արդյունքում նաեւ աճել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, ինչպես նաեւ որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը՝ ընդհանուր առմամբ 3,5 տոկոսով:

Նախարարը ներկայացրել է նաեւ հանցավորության շարժընթացը, մասնավորապես՝ խոսել է սպանության դեպքերի մասին: «Հանրապետության մակարդակով շարունակում են գերակշռել կենցաղային բնույթ ունեցող սպանությունները»,- փաստել է գերատեսչության ղեկավարը: Նա տեղեկացրել է, որ նախարարությունում մշակման փուլում է Հանցավորության կանխարգելման նոր ռազմավարությունը:

Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հետաքրքրվել է ՀՀ-ում այլ պետությունների վարորդական իրավունքի վկայականի առկայությամբ երթեւեկելը թույլատրելու հնարավորությամբ, վերջին շրջանում սպանությունների ու ֆինանսական հանցագործությունների վիճակագրությամբ:

Նախարարի պարզաբանմամբ միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխանող վարորդական իրավունքի վկայական ունեցող երկրներն այստեղ որեւէ խնդիր չեն ունենում: Նշվել է, որ կան հայտեր տարբեր երկրներից, որոնք ցանկանում են այս ուղղությամբ մեզ հետ շարունակել աշխատանքները:

Սպանությունների մասով Արփինե Սարգսյանը նշել է, որ դրանք հիմնականում կենցաղային, միջանձնային բնույթի են եղել, տեղի են ունեցել ոչ ընտանեկան բռնության հետեւանքով: Նրա խոսքով մեր երկիրն աչքի չի ընկնում կազմակերպված, նախապատրաստված լուրջ հանցագործությունների վիճակագրությամբ, քանի որ վիճակագրական պատկերում փոքր տոկոս են կազմում պլանավորված հանցագործությունները:

Դեպքերի աճ է գրանցվել կիբեռհանցագործությունների մասով: Այս առնչությամբ քաղաքացիների իրազեկման աշխատանքներ են տարվում: ՆԳ նախարարը այս առումով կարեւորել է նաեւ իրավապահ համակարգի կարողությունների զարգացումը:

Գերատեսչության ղեկավարը փաստել է, որ ընդհանուր մասնաբաժնում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը 9 ամիսների հաշվարկով նվազել է:

Նախարարը նաեւ անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության ու զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ քայլերին, ոստիկանության ոլորտի բարեփոխումներին ու համակարգի վերազինմանը, խաղամոլության դեմ պայքարին, տրանսպորտային միջոցներում կատարված գողությունների բացահայտմանը, Ոստիկանության գվարդիայի ձեւավորմանը հաջորդող միջոցառումներին եւ բնագավառին վերաբերող այլ հարցերի:

Նիստի երկրորդ մասն անցել է դռնփակ ընթացակարգով: Քննարկվել են պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության ու արտաքին հետախուզության ծառայությունների համար նախատեսված ֆինանսական հատկացումներն ու ծրագրերը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական