Նոյեմբերի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Ա․-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում, Սամվել Գևորգյան փողոցի թիվ 100/6 հասցեի դիմացի հատվածում, վրաերթի է ենթարկել ճանապարհին գծանշում իրականացնող, Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Վարդան Գ․-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել։ Վարդան Գ․-ն, ով վրաերթի պատճառով մոտ 80-100 մետր շպրտվել էր, տեղում մահացել է: Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, գտնվել է սթափ վիճակում։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը գործընկերների հետ նշված ճանապարհին կատարում էր գծանշումներ, և անհրաժեշտ բոլոր անվտանգության կանոնները պահպանել էին, տեղադրել էին բոլոր նշանները, իսկ հանդիպակաց երթևեկելի գոտում, որտեղ նույնպես գծանշում էին իրականացնում, լուսային փարոսիկները միացված ծառայություն էին կատարում պարեկները ու եթե վարորդը, ինչպես նշում էին դեպքի վայրում հավաքվածները, պահպաներ սահմանված արագությունը, ապա դեպքը տեղի չէր ունենա։
Նշվում է, որ վարորդ Հայկ Ա․-ն աշխատում է «Որդան կարմիր Բայ Մալխասյան» ՍՊԸ-ում՝ որպես վաճառքի մենեջեր, իսկ մահացածն աշխատում էր «Ռեգիոն Ստրոյ Սերվիս» ՍՊԸ-ում։