Հասարակություն

Գվարդիայի ձևավորմամբ առաջին անգամ ուժի մեջ են մտել ուժային միջոցների միջազգայնորեն ընդունված ստանդարտները․ ՆԳ նախարար

Գվարդիայի ձևավորմամբ առաջին անգամ ուժի մեջ են մտել ուժային միջոցների միջազգայնորեն ընդունված ստանդարտները․ ՆԳ նախարար

Նոյեմբերի 1-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Ներքին գործերի նախարարության և ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմը ներկա էին Ոստիկանության գվարդիայի բացման արարողությանը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, քաղհասարակության ներկայացուցիչներ։

ՀՀ Վարչապետը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է Ոստիկանության գվարդիայի տեխնիկական միջոցներին, միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գվարդիայի ծառայողներին մինչև այժմ իրենց իրականացրած ծառայության համար. «Մեր խոնարհումը Ոստիկանության զորքերի բոլոր այն ծառայողներին, ովքեր ընկել են հանուն Հայրենիքի։ Այսօր մենք բոլորովին նոր ծառայության հիմք ենք դնում, և սա կարևոր շեշտադրում է: Այսինքն՝ մենք ոչ թե Ոստիկանության զորքերը վերափոխում ենք Ոստիկանության գվարդիայի, այլ այսօր ստեղծել ենք Ոստիկանության գվարդիա: Իհարկե, անցած ճանապարհը և պատմությունը մեզ հետ է, մեզ համար արժեք է, բայց այսօրվանից մենք պատմության նոր էջ ենք բացում և մեր ակնկալիքն է, որ Ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ քաղաքացիների, և՛ հենց իրենց ծառայողների համար: Եվ, իհարկե, սա կարևոր մի փուլ է Ոստիկանության, Ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումների համար:
Ուզում եմ ընդգծել այն, որ այս ընթացքում մեր բարեփոխումների փորձը մեզ ցույց է տալիս, որ բարեփոխումներն ամփոփելու և ավարտելու մասին բոլոր մտածումները և պատկերացումներն անպատեհ են, որովհետև բարեփոխումը մի բան է, որ երբեք չի ավարտվում, որովհետև այն պահին, երբ արձանագրենք, որ բարեփոխումն ավարտել ենք, նշանակում է՝ սկսել ենք հետընթացը»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է այս տրամադրվածությամբ սկսել Ոստիկանության գվարդիայի ծառայությունը, աշխատանքը՝ հաշվի առնելով, որ բարեփոխումն անընդհատ պրոցես է և անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ կանգ առնել, նայել, ամփոփել արվածը և պլանավորել, վերապլանավորել, վերանայել ռազմավարությունները:

Երկրի ղեկավարը նշել է՝ բարեփոխումների ճանապարհի հաջող ընթացքի մասին է վկայում այն, որ բացահայտվում են նոր շերտեր, նոր նրբություններ, նոր տեսարաններ, որոնք մինչ այդ տեսանելի չէին և անծանոթ էին:

Այս առումով, Վարչապետն ընդգծել է, որ այսօր Ներքին գործերի նախարարությունում, Ոստիկանության ծառայությունում, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կյանքում, բոլորի համար նոր տեսարաններ են բացվում։ «Երբեմն այդ տեսարանները մեզ համար զարմանալի են, երբեմն այդ տեսարանները մեզ համար նոր օրակարգեր են բերում, բայց երբեմն մենք սկսում ենք տարակուսել՝ ինչքանով կկարողանանք սպասարկել այդ օրակարգերը, որովհետև դրանք մեծ և անսպասելի օրակարգեր են: Բայց եթե մենք տեսնում ենք այդ տեսարանը, նշանակում է, որ առաջացել ենք, այսինքն՝ շրջադարձի գագաթը հատել ենք և գտնվում ենք բոլորովին ուրիշ ճանապարհի վրա: Եվ մեր ճանապարհը շարունակվում է, և այդ ճանապարհին ինչքան նոր տեսարաններ տեսնենք, նշանակում է՝ այնքան առաջ ենք ընթացել այդ ճանապարհին»։

Կրկին շնորհակալություն հայտնելով Ոստիկանության գվարդիայի ծառայողներին նախընթաց շրջանում ծառայության համար՝ Վարչապետը հաջողություն է մաղթել բոլորին։ «Թող Ոստիկանության գվարդիայում ծառայելն ամեն ամսվա հետ լինի ավելի պատվաբեր, ամեն ամսվա հետ լինի ավելի հարմարավետ, շարունակեն զարգանալ ընդհանրապես Ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի ծառայողների սոցիալական երաշխիքները, որպեսզի Ոստիկանության գվարդիայի ծառայողն իմանա, որ իր ծառայության դիմաց վարձատրվում է համարժեք: Եվ մենք այս գործընթացը զարգացնելու ենք՝ փոխկապակցված յուրաքանչյուրի անհատական, ծառայողական, մասնագիտական որակների հետ։ Եվ դա ճանապարհ է, որն անցնում ենք և որը մենք պետք է անցնենք միասին:

Ուզում եմ մեզ բոլորիս մաղթել, որ այդ ճանապարհին ավելի նոր և հաճելի տեսարաններ տեսնենք, ինչը կնշանակի, որ մենք առաջ ենք ընթանում, զարգանում ենք, անցնում ենք այն ճանապարհը, որը պարտավոր ենք անցնել հանուն Հայաստանի Հանրապետության»,- նշել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ելույթ է ունեցել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ պետության անվտանգության համակարգի նոր էջ է բացվում՝ ոստիկանության բարեփոխումների շրջանակում գործարկվում է չորրորդ հենասյունը՝ Ոստիկանության գվարդիան։

Նախարարի խոսքով՝ միջազգային ստանդարտներին համապատասխան սպառազինությամբ և վերապատրաստված անձնակազմով գվարդիան պատասխանատու է լինելու հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման համար։

Արփինե Սարգսյանն ընգծել է, որ գվարդիան կգործի որպես լիարժեք նոր կառույց՝ առանց որևէ ստորաբաժանման իրավահաջորդ լինելու, և կիրականացնի բացառապես ոստիկանական գործառույթներ՝ ունենալով կառավարման այն նույն սխեման, ինչ մնացյալ հենասյունային ուղղությունները։

Նախարարը շեշտել է, որ գվարդիայի ստեղծումը պարզապես կառուցվածքային փոփոխություն չէ, այլ վստահության նոր համակարգ, որի կենտրոնում մարդն է՝ թե՛ քաղաքացին, թե՛ ծառայողը։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ հասարակական կարգ ապահովող ստորաբաժանումները տարբեր ընկալումներ են ձևավորել, իսկ Գվարդիայի ձևավորմամբ կարևոր է Կառավարության առաջ քաշած խորքային ուղերձը՝ պետության և քաղաքացու հարաբերությունների նոր տրամաբանությամբ․
«Մեր խնդիրը պետությանը քաղաքացուց պաշտպանելը չէ, մեր խնդիրը քաղաքացուն պետությունից պաշտպանելն էլ չէ, մեր իրական խնդիրը քաղաքացուն պաշտպանելն է պետության միջոցով»,-ընդգծել է նախարարը։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է գվարդիայի ձևավորման գործընթացը՝ նշելով, որ նախապատրաստական փուլում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ․ կառուցվածքային ձևավորում, հաստիքների բաշխում, ծառայողի արտաքին նոր նկարագրի սահմանում, վերապատրաստումներ, հոգեբանական պատկերի գնահատում և նյութատեխնիկական հագեցվածության ապահովում։ Ներքին գործերի նախարարի խոսքով՝ Գվարդիայի շարքերում այս պահին կանգնած անձինք անցել են միջազգային ստանդարտներին համապատասխան պատրաստություն, ունեն անհրաժեշտ սպառազինություն, և հետևողականորեն շարունակվելու է նրանց կարողությունների կատարելագործումն ու նյութատեխնիկական բազայի համալրումը, միաժամանակ նաև տարածքային ստորաբաժանումների ձևավորումը։

Նախարար Սարգսյանը հատուկ ընդգծել է, որ գվարդիայի ձևավորմամբ առաջին անգամ ուժի մեջ են մտել ուժային միջոցների միջազգայնորեն ընդունված ստանդարտները․ առանց համապատասխան պատրաստության որևէ ծառայող իրավունք չի ունենա կիրառել ուժային միջոցներ։ Այդ ստանդարտները, նրա խոսքով, անկյունաքարային նշանակություն ունեն և գործելու են ողջ ոստիկանական համակարգի համար, և հենց այդ պատճառով նախադեպը չունեցող ծավալով՝ ավելի քան տասը հազար ծառայող անցել է վերապատրաստում։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ոստիկանության բարեփոխումների ողջ ընթացքում ցուցաբերած բարձր վստահության համար, ինչպես նաև՝ միջազգային գործընկերներին, օրենսդիր իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցության համար։
Իր խոսքում նախարար Արփինե Սարգսյանը ընգծել է նաև, որ հասարակական կարգի ապահովումը բարդ, բայց պատվաբեր առաքելություն է․ «Այդ առաքելությունը կատարում եք Ձեր կյանքի ամեն օրը՝ ոմանք նույնիսկ՝ իրենց կյանքով գնով։ Հիշենք և խոնարհվենք նրանց հիշատակի առջև, ովքեր զոհվել են հայրենիքի սահմանների պաշտպանությանը կամ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում», -նշել է Արփինե Սարգսյանը։

Նախարարը վստահություն է հայտնել, որ նոր ձևաչափով գվարդիան ամենօրյա հետևողական աշխատանքով և հետիոտն կարգախմբերով կարողանալու է ապահովել հասարակական կարգի նոր ստանդարտ և նոր որակ՝ տեսանելի արդյունքներով։

Ամփոփելով խոսքը՝ Ներքին գործերի նախարարը շնորհավորել է բոլոր ծառայողներին Գվարդիայի ձևավորման կապակցությամբ և մաղթել արդյունավետ և արժանապատիվ ծառայություն։

ՆԳՆ Ոստիկանության գվարդիան միջազգային ստանդարտներին համապատասխան սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով կնպաստի Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական