Այսօր Լոռու մարզի ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում մեկնարկել է Կիբեռանվտանգության իրազեկման արշավը, որը կշարունակվի նաև մյուս մարզերում։ Այս մասին հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Արշավի նպատակն է բարձրացնել կիբեռանվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը դպրոցականների, մանկավարժների և ծնողների շրջանում։ Այսօրվա միջոցառմանը մասնակցել է շուրջ 300 մարդ։
Իմ ելույթում անդրադարձել եմ կիբեռանվտանգության, տվյալների պաշտպանության, արհեստական բանականության կիրառությունների, դիփֆեյքերի և ապատեղեկատվության թեմաներին։ Թվային անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ անցկացրել ենք քննարկում՝ հարցուպատասխանի ձևաչափով, իսկ ՀՏՀԳ կենտրոնի մասնագետները ներկայացրել են թվային հիգիենայի հիմնական սկզբունքները։
Արշավը միտված է խթանել անվտանգ ու պատասխանատու վարքագիծն առցանց միջավայրում։ Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) կողմից»,- նշել է նախարարը։