Հասարակություն

Արտաշատին է վերադարձվել Նարեկ բնակավայրի մշակույթի տան շենքը

Արտաշատին է վերադարձվել Նարեկ բնակավայրի մշակույթի տան շենքը

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Կառավարության՝ 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ Արարատի մարզի Նարեկ գյուղական համայնքին սեփականության իրավունքով փոխանցված՝ Նարեկ համայնքի Դավիթ Բեկ փողոցի 2/1 հասցեում գտնվող մշակույթի տան օտարման վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Նարեկ համայնքի նախկին ղեկավար Գ.Հ.-ն, համայնքի մշակույթի տան օտարման հիմքերի բացակայության պայմաններում, պաշտոնական շրջանառության ենթակա՝ 2013 թվականի փետրվարի 22-ի որոշման մեջ ներառել է կեղծ տվյալ՝ մշակույթի տան օգտագործման նպատակը փոխելով հասարակական սպասարկման օբյեկտի: Այնուհետև, շուրջ 13 միլիոն 411 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 257 քմ մակերեսով մշակույթի տունը և դրանով ծանրաբեռնված 900 քմ հողատարածքը, ձևական աճուրդի եղանակով, 2017 թվականի նոյեմբերի 27-ին 2 միլիոն 420 հազար դրամով Գ.Հ.-ն օտարել է իր կնոջը:

Դատախազը, իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, ներկայացրել է հանցանքի մասին հաղորդում. Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը անցնելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև դատախազի կողմից Արտաշատ համայնքի ավագանուն հասցեագրված միջնորդագրի հիման վրա՝ Նարեկ բնակավայրի Դավիթ Բեկ փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ «բնակավայրերի» նպատակային նշանակության անշարժ գույքի նկատմամբ 2025 թվականի հոկտեմբերի 28-ին գրանցվել է Արտաշատ համայնքի սեփականության իրավունքը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական