Հասարակություն

Գերմանիան դարձել է Հայաստանի ամենահուսալի գործընկերներից մեկը․ Պապոյան

Գերմանիան դարձել է Հայաստանի ամենահուսալի գործընկերներից մեկը․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ հոկտեմբերի 30-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում կայացել է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը։

Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրի, ներդրումների, ներմուծման և արտահանման, միկրո և միջին ձեռնարկատիրության զարգացման, վերականգնվող էներգետիկայի, կայուն քաղաքային զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

«Հայաստանի ու Գերմանիայի միջև ձևավորվել է ամուր, վստահելի և հեռանկարային համագործակցություն՝ հիմնված ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ներառական տնտեսական աճի վրա։ Վերջին տարիների ընթացքում Գերմանիան դարձել է Հայաստանի ամենահուսալի գործընկերներից մեկը՝ թե՛ երկկողմանի, թե՛ Հայաստան-ԵՄ ավելի լայն շրջանակներում։ Այսօրվա երկխոսությունը ևս մեկ կարևոր քայլ է այս գործընկերության խորացման և մեր համատեղ ջանքերը Հայաստանի կայուն, կանաչ և բազմազան զարգացման երկարաժամկետ տեսլականի հետ համապատասխանեցնելու ուղղությամբ»,- նշել է Գևորգ Պապոյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը կարևորել է Գերմանիայի աջակցությունը Հայաստանում քաղաքական և տնտեսական բարեփոխումների իրականացման, կայուն զարգացման, կանաչ տնտեսության խթանման և սոցիալական ինտեգրման ուղղություններով։

Գևորգ Պապոյանն իր խոսքում ընդգծել է նաև Հայաստան–ԵՄ համագործակցության շրջանակում Գերմանիայի հետ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։ Նիստին մասնակցել են նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական