Հասարակություն

Վանաձորում «Թումո» կենտրոն կստեղծվի

Վանաձորում «Թումո» կենտրոն կստեղծվի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: 

Կառավարությունն ընդունել է որոշում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Վանաձոր ք., Թա-տերական փողոց, 1/1 սպայի տուն հասցեում գտնվող, 2024 թվականի մայիսի 8-ի դրությամբ 365 125 000 դրամ գնահատված շուկայական արժեքով, 357 877 418 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2214․05 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտա¬գործման ու սպասարկման համար հատկացված 0.229349 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերել «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին՝ համաձայն հիմնադրամի կողմից ներկայացված հանրօգուտ ծրագրի՝ գույքը վերակառուցելու և «Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոն» հիմնելու նպատակով։

Գույքը Հիմնադրամին նվիրաբերելու նպատակով առաջարկվող գործարար (ներդրումային) ծրագրի համաձայն՝ նախատեսում է նվիրաբերվող գույքը վերակառուցել, բարեկարգել և վերազինել, որի արդյունքում կստեղծվի հասարակական նշանակության կառույց, որը հարակից տարածքներում արդեն իսկ առկա կառույցների հետ մեկտեղ կծառայի Վանաձոր քաղաքում «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ շուրջ 27000 պատանիներ հնարավորություն կունենան անվճար հիմունքներով ստանալ որակյալ արտադպրոցական կրթություն 14 հիմնական ուղղություններով։ Այս ծրագրի իրականացման նպատակով Հիմնադրամի կողմից 3 տարիների ընթացքում կիրականացվի 1 800 000 000 ՀՀ դրամի ներդրում։ Ծրագիրը շարունակական է, չունի ավարտման հստակ ժամկետ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հավելել է, որ 2011 թ-ից գործող Թումոյի առաջին կենտրոնը բացվել է Երևանում. «Բայց արդեն ունենք 6 կենտրոն հանրապետության ողջ տարածքում: Եվ, ըստ էության, Վանաձորի կենտրոնը կդառնա թվով 7-րդը: Խոսքը վերաբերում է ստեղծարար տեխնոլոգիաների ամբողջական կենտրոնին՝ որպես համալիր կենտրոն: Բայց նաև ունենք 40 տուփեր, այսպես ասած, ավելի փոքր Թումո-ներ, որտեղ 12 և ավել տարիքի երեխաներն անցում են ինքնուսուցման փուլեր»: Ըստ Արթուր Մարտիրոսյանի ներկայացրած տվյալների, շահառումների ընդհանուր թիվն այս պահին 21 հազար է 12-ից մինչև 18 տարեկան երեխաներ, ինչպես նաև կա 1000 շրջանավարտ: «Ինչ վերաբերում է Հայաստանին: Նաև կուզեմ նշել, որ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Կապանում այս տարի մարտին բացված կենտրոնն է եղել, իսկ առաջիկայում նրանք ունեն պլաններ ընդլայնվելու է Հայաստանում՝ Վանաձորում, Էջմիածնում, Մասիսում, Արմավիրում, Աբովյանում, Աշտարակում, Մարտունիում և Սիսիանում՝ հարակից 26 տուփերով: Իսկ ինչ վերաբերում է աշխարհում ընդլայնմանը, և դա մեր կրթության զարգացման պետական ծրագրի երեք առաջնահերթություններից է՝ կրթության արտահանում և կրթական ծառայությունների ու արտադրանքի միջազգայնացումն է, այդտեղ մենք ևս Արտաքին գործերի նախարարության և ԲՏԱ մեր գործընկերների, այսինքն՝ ամբողջ Կառավարության աջակցությամբ իրենց օգնում ենք, որ ընդլայնվեն: Վերջինը Տոկիոյում բացվեց, բայց այս պահին իրենք գործում են Ֆրանսիայում, Ալբանիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Նիդերլանդներում, Արգենտինայում և ԱՄՆ-ում, և առաջիկայում պլանների մեջ է, որ բացեն տարբեր այլ երկրներում»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական