«ՀԷՑ» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնում են, որ ընկերությունում ֆինանսատնտեսական գործառնությունների օպտիմալացման և ուռճացված ծախսերի կրճատման նպատակով՝ 2025թ. հուլիս ամսվա երկրորդ կեսից սկսած, իրականացվել են մի շարք միջոցառումներ։
Ընկերության 2025թ. ներդրումային ծրագիրը գտնվում է իրագործման փուլում, այդ թվում հատուկ ուշադրության կենտրոնում է արդեն փաստաթղթավորված և գործընկեր կազմակերպությունների հանդեպ ձևավորված կրեդիտորական պարտավորությունների, միաժամանակ դեռևս չկատարված աշխատանքների մասով մասշտաբային աշխատանքների իրական պատկերի ուսումնասիրությունը:
Ներկա փուլում իրականացվում է նաև ուսումնասիրություն ներդրումային ծրագրի շրջանակներում ս.թ. հուլիսի 18-ի դրությամբ առկա ավելի քան 6,5 մլրդ ՀՀ դրամի կանխավճարների (դեբիտորական պարտավորությունների) մասով:
Նույն աշխատանքների շրջանակներում ուսումնասիրվում են շուրջ 11,0 մլրդ ՀՀ դրամի չափով գործընկեր կազմակերպություններին վաճառված նյութերի (դեբիտորական պարտավորություններ) առաջացման մեխանիզմների, դրանց անհրաժեշտության, հիմնավորման կամ հետ վերադարձի պահանջի մասով:
Ընդ որում, ընկերության աշխատանքի արդյունքում՝ 2025թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին գործընկեր կազմակերպությունները նախկինում չվճարված հատուկ տեխնիկայի վարձակալական պայմանագրերով կուտակված պարտավորություններից արդեն վերադարձրել են 110,0 մլն ՀՀ դրամ: Գործընթացը շարունակվում է:
2025թ. Հուլիսի 18-ից ի վեր՝ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ սարքավորումների, ապրանքների և ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտարարվել են մի շարք բաց, թափանցիկ և ներառական գնման գործընթացներ:
Դրանց նախորդող՝ շուկայի ուսումնասիրության (գնանշման) արդյունքում ոլորտի հարյուրավոր տնտեսվարողներից ստացվել են բազմաթիվ գնառաջարկներ։
Ընկերության կարիքների համար մալուխների, կցորդիչների, ինչպես նաև ավտոտնտեսության համար անհրաժեշտ մարտկոցների, յուղերի, դողերի ձեռքբերման համար գնումների պլանով նախատեսված էր ընդհանուր 492.9 մլն ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ, փաստացի, սակայն ձեռքբերումն իրականացվել է 315,6 մլն ՀՀ դրամով:
Արդյունքում՝ ընկերության բնականոն գործունեության ապահովման նպատակով իրականացվող ապրանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացների թափանցիկ, ներառական և բաց մրցութային եղանակով իրականացնելու միջոցով ընկերությունը խնայել է ավելի քան 188.2 մլն ՀՀ դրամ(38.1%):
2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության ունեցած վարկային պորտֆելը կրել է էական փոփոխություններ.
Հուլիս ամսվա վերջում ընկերության ունեցած վարկային պարտավորությունները միջազգային և տեղական բանկերին, ինչպես նաև թողարկված պարտատոմսերի գծով (ներառյալ հաշվեգրված տոկոսները) կազմում էին շուրջ 396.8 մլն ԱՄՆ դոլար (152.3 մլրդ ՀՀ դրամ):
Ժամանակավոր կառավարչի նշանակումից շուրջ երկու ամիս անց, ընկերությունում ֆինանսատնտեսական գործառնությունների օպտիմալացման, ուռճացված ծախսերի կրճատման, գնումների մրցակցայնության ապահովման և այլ գործոնների լավարկման շնորհիվ գոյացած հավելյալ ֆինանսական միջոցները ուղղվել են որոշ պարտավորությունների վաղաժամ մարմանը ինչի արդյունքում ընկերության պարտավորությունները նվազել են 15.3 մլն ԱՄՆ դոլարի (6.3 մլրդ ՀՀ դրամ) չափով և կազմել 381.5 մլն ԱՄՆ դոլար (146.0 մլրդ ՀՀ դրամ):
Ընդհանուր առմամբ, ընկերությունը կարճ ժամանակում հասել է էական ֆինանսական կայունացման ու կառավարման թափանցիկության նշաձողի զգալի բարձրացման:
Ադմինիստրատիվ նշանակության ընթացիկ ծախսերի համար իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ընկերությունը մասնակի, իսկ որոշ դեպքերում ամբողջովին, հրաժարվել է մի շարք կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններից՝ վերջիններիս հետ խզելով գործող պայմանագրերը կամ վերանայելով գնային քաղաքականությունն ու աշխատանքի արդյունավետությունը:
Գովազդին և մարքեթինգին ուղղված ծախսերը սկսած 2025թ. օգոստոսից ամբողջովին վերանայվել են, որի արդյունքում մինչ այժմ գործող տասնյակ ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնք այլևս արդիական չեն, սահմանված կարգով խզվել են:
2025թ. տարեսկզբին հաստատված բիզնես պլանով 2025թ. օգոստոս–դեկտեմբեր ամիսների համար այս հոդվածով նախատեսված էր 77,0 մլն ՀՀ դրամի չափով վճարման շեմ:
Իրականացված աշխատանքների արդյունքում՝ ընկերությունը 2025թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար, ներառյալ վճարված կուտակված կրեդիտորական պարտքերի մարումը (13,0 մլն), կունենա տնտեսում պլանային ցուցանիշի համեմատ 58,0 մլն (74%) ՀՀ դրամի չափով:
Ներկայացուցչական ծախսերի գծով 2025թ. օգոստոս–դեկտեմբեր ամիսների համար տարեսկզբին հաստատված բիզնես պլանով այս հոդվածին տրվել է 30,0 մլն ՀՀ դրամի շեմ: 2025թ օգոստոսից ներկայացուցչական ծախսերը գրեթե զրոյացվել են, առկա կրեդիտորական պարտավորությունները քննարկման փուլում են:
Այսպիսով այս ուղղությամբ ընկերությունը, 2025թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար, ներառյալ վճարվելիք կուտակված կրեդիտորական պարտքերի մարումը, կունենա տնտեսում պլանային ցուցանիշի համեմատ 24,0 մլն (81%) ՀՀ դրամի չափով:
Տարածքի, գույքի, սարքավորումների վարձակալությունների գծով իրականացվում են աշխատանքներ վարձակալված օբյեկտների անհրաժեշտության, տարածքի տեղակայման հարմարավետության, ինչպես նաև գնային քաղաքականության մասով:
Քաղաքացիներին սպասարկող այն գրասենյակային տարածքները, որոնց վարձակալությունը նախկինում իրականացվել է «Տաշիր» ընկերությունների խմբին փոխկապակցված օբյեկտներում՝ շուկայականից զգալիորեն բարձր գներով, փոխարինվել են առավել հիմնավորված, արդյունավետ և ֆինանսապես նպատակահարմար վարձակալական պայմաններով տարածքներով։
Չնայած աշխատանքների դեռևս ոչ ավարտական փուլին, արդեն իսկ կարելի է արձանագրել, որ 2025թ. օգոստոս –դեկտեմբեր ամիսների համար այս հոդվածին պլանային հատկացումների 356,0 մլն ՀՀ դրամի շեմը չի գերազանցի 330,0 մլն ՀՀ դրամը և տնտեսումը կկազմի 27,0 մլն (8%) ՀՀ դրամ:
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում արձանագրել, որ նախկինում միայն մեկ սպասարկման կենտրոնի վարձակալության տարածքի համար հատկացվել է ամսական 12.6 մլն ՀՀ դրամ, իսկ այժմ այն տեղափոխվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին պատկանող տարածք՝ վարձակալության զրոյական արժեքով:
Մեկ այլ դեպքում էլ, ամսական 2 մլն ՀՀ դրամով վարձակալված տարածքը փոխարինվելու է նոր տարածքով, նախկինից ոչ հեռու՝ ընդամենն ամսական 400.000 ՀՀ դրամ վարձավճարով
Ավտոտրանսպորտի վարձակալությունների գծով իրականացված աշխատանքների արդյունքն առավել քան ակնառու է: 2025թ. օգոստոս–դեկտեմբեր ամիսների համար այս հոդվածին տրված 29,0 մլն ՀՀ դրամի պլանային շեմը չի գերազանցի 13,0 մլն ՀՀ դրամը, որը ներառում է նաև կուտակված կրեդիտորական պարտքերի մարումը (11,0 մլն ՀՀ դրամի չափով), և տնտեսումը կկազմի 16,0 մլն ՀՀ դրամ: (56%)
Վառելիքի ձեռք բերման գծով Ընկերության տնտեսումը 2025թ. օգոստոս–դեկտեմբեր ամիսների համար կկազմի 157,0 մլն ՀՀ դրամ (44%)՝ պլանային շեմի 359,0 մլն ՀՀ դրամի փոխարեն 202,0 մլն ՀՀ դրամի վճարումների կանխատեսման արդյունքում:
Ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է հստակ նշել, որ արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունն այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է զգալիորեն օպտիմալացնել ընթացիկ ծախսերը, ծառայությունների ու ապրանքների գնման գործընթացների գերակշիռ մասը դարձնել ավելի արդյունավետ ու թափանցիկ:
Միայն վերոնշյալ ծախսային հոդվածներով մինչև տարեվերջ հնարավոր կլինի տնտեսել լրացուցիչ ավելի քան 283,0 մլն ՀՀ դրամ գումար, ընդ որում օգոստոս-սեպտեմբեր ամիսների համար այս ցուցանիշը կազմել է շուրջ 70,0 մլն ՀՀ դրամ: