Հասարակություն

Ազատականացված շուկայում ինչու են թանկացել ԱՊՊԱ-ի վճարները

Ազատականացված շուկայում ինչու են թանկացել ԱՊՊԱ-ի վճարները

2023թ․ ապրիլի 1-ից Հայաստանում ավտոմոբիլային պարտադիր պատասխանատվության ապահովագրությունը (ԱՊՊԱ) անցել է ազատականացված սակագների համակարգի: Այն ժամանակ այս որոշումը ներկայացվեց որպես քայլ՝ ուղղված նաև սակագների նվազման։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը դեռ 2023թ. մարտին հայտնել էր. «Նախնական տվյալներով՝ եթե բոլոր ավտոսեփականատերերն ընտրեն իրենց առաջարկվող գներից նվազագույնը, ապա 56%-ի համար գները կնվազեն, 21%-ի համար գրեթե չեն փոխվի, 23%-ի համար գները կթանկանան։ Սա վերաբերում է ոչ թե բոնուս-մալուսի կիրառմանը, այլ՝ բազային պայմանագրին»։

Սակայն վերջին ընթացքում վարորդները հաճախ են բողոքում, որ ապահովագրավճարները աճել են, որոշ դեպքերում՝ աճը կտրուկ է։

Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկը նշեց՝ ինքը որպես վարորդ «վթար չունի»՝ մեքենան այս ընթացքում չի վթարվել, սակայն ապահովագրավճարն ավելացել է։ 2023թ. սեպտեմբերին ապահովագրելիս նա վճարել է 28 հազար դրամ, 2024թ. նույն մեքենայի համար 34 հազար դրամ, իսկ արդեն այս տարի՝ 39 հազար դրամ։ Նա պատմեց, որ ընտրել է համեմատաբար մատչելի տարբերակը, քանի որ այլ ապահովագրական ընկերություններ շատ ավելի բարձր գնառաջարկ էին ներկայացրել՝ 50 հազար դրամ և ավելի։

«Սակագների ազատականացումը համակարգի բնականոն զարգացման հաջորդական փուլ է եղել, որը համակարգի կենսունակությունը ապահովելու և ավտոսեփականատերերի համար իրենց ռիսկերին համարժեք արդար գնի ձևավորման լավագույն տարբերակն է»,-ի պատասխան Radar Armenia-ի հարցման՝ ասել են Կենտրոնական բանկից։

Radar Armenia-ն հետաքրքրվել էր նաև՝ արդյոք փոփոխությունն արդարացված է համարվում, որին ի պատասխան նշված է, որ ԱՊՊԱ ազատականացված սակագներով համակարգում ապահովագրավճարների հաշվարկման անհատականացված մոտեցումներ են կիրառվում, որոնք հաշվի են առնում ապահովադրի անհատական ռիսկը, այլ կերպ ասած՝ նախորդ ժամանակահատվածում ապահովադրի վարքագիծը, հետևաբար, որոշ ապահովադիրների համար ապահովագրավճարները, իրենց վարքագծից կախված, աճել են, որոշների համար՝ նվազել. «Ազատականացված համակարգը և շուկայում մրցակցությունը ենթադրում է արդար գնագոյացում, սակագները ֆիքսված չեն, հետևաբար, կարող են և՛ աճել, և՛ նվազել․ մասնավորապես, ազատականացմանը (2023թ․ ապրիլի 1) հաջորդող տարվա ընթացքում համակարգում դիտվել է ապահովագրավճարների միջին մեծության նվազում, մյուս տարի՝ աճ»,-նշել են ԿԲ-ից։

Ըստ ԿԲ-ի պարզաբանման՝ ս․թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ տարեկան միջին ապահովագրավճարների՝ նախորդ տարվա նկատմամբ աճին զուգահեռ աճել են նաև միջին հատուցման մեծությունները։

Իսկ ինչ վերաբերում է վթարների դեպքում ապահովագրավճարների մեծության ավելացմանը, ԿԲ-ի փոխանցմամբ՝ ԱՊՊԱ համակարգում գործում է Բոնուս-Մալուս համակարգ, որի ներքո, կախված ապահովադրի ապահովագրական պատմությունից, ապահովադիրը ստանում է բոնուսային կամ մալուսային դաս։ Ընդ որում, կիրառվող մալուսային դասերը կախված են նաև ավտոտրանսպորտային միջոցով պատճառված վնասի մեծությունից․ որքան այն փոքր է, այնքան փոքր է կիրառվող մալուսային դասերի քանակը և հակառակը։

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական