Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է գլխուղեղի կաթվածի դեմ պայքարին և նշել, որ դրանց 80%-ը հնարավոր է կանխել։
«Մեզանում ամենահաճախ հանդիպող ախտորոշումներից մեկի` գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրն է:
Ցավոք, այս հիվանդության պատճառով մահացությունը և հաշմանդամությունը անխուսափելի են, եթե ճիշտ ժամանակին չտրամադրվի անհրաժեշտ բուժօգնությունը: Այդ պատճառով մենք ամեն տարի ընդլայնում ենք անհրաժեշտ ծառայությունները պետական պատվերի շրջանակում:
Ծրագրի ներդրումից մինչև այս տարվա սեպտեմբեր 4113 քաղաքացի օգտվել է ծրագրից, որի համար պետական բյուջեից հատկացվել է 8.6 մլրդ դրամ:
Սիրելի´ քաղաքացիներ, կաթվածների 80%-ը հնարավոր է կանխել` ազդելով կառավարելի ռիսկի գործոնների վրա` զարկերակային գերճնշում, մարմնի զանգվածի բարձր ինդեքս, արյան մեջ գլյուկոզի և խոլեսթերինի բարձր մակարդակ, նախասրտերի շողացող առիթմիա, ծխել, ոչ ճիշտ սննդակարգ և ցածր ֆիզիկական ակտիվություն:
Երևանյան 4 բժշկական կենտրոններից բացի, ծրագիրը գործում է նաև Գյումրիի և Վանաձորի ԲԿ-ում, հաջորդը` Գորիսն է: Հետևողական լինենք մեր և մեր հարազատների կենսակերպի հանդեպ և, ճանաչելով ախտանշանները, արագ արձագանքենք»,- գրել է նախարարը իր «Ֆեյսբուքի» էջում։