Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Բարսելոնայի միջազգային հարաբերությունների կենտրոն»-ի (CIDOB) կողմից կազմակերպված՝ լրագրողների և փորձագետների Հայաստան այցի մասնակիցներին: Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:
Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում տարածաշրջանում ստեղծված նոր իրողություններին, այդ թվում՝ Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի կայունության, զարգացման համար Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված Խաղաղության համաձայնագրի և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությանը:
ԱԳ նախարարը մասնակիցներին ներկայացրել է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ՀՀ տեսլականը, որն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում և որի կարևոր բաղադրիչ է «Թրամփի ուղին»:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության խորացման աննախադեպ դինամիկան: Անդրադարձ է կատարվել հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շրջանակներում համագործակցության ընդլայնման, տնտեսական, մարդկանց միջև կապերի ամրապնդման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղություններով։
Մտքեր են փոխանակվել ժողովրդավարական զարգացման ճանապրհին առկա մարտահրավերի շուրջ, ինչի կապակցությամբ նախարար Միրզոյանը ներկայացրել է դրանց արդյունավետ հաղթահարման հարցում ՀՀ մոտեցումները: Միրզոյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող այլ հարցերի: