Հասարակություն

Բացահայտվել է 727 հազար կՎտ/ժ էլեկտրաէներգիայի հավելագրում

Բացահայտվել է 727 հազար կՎտ/ժ էլեկտրաէներգիայի հավելագրում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մարզային ցանցերից մեկում բացահայտվել է շուրջ 727 հազար կՎտ/ժ քանակի էլեկտրաէներգիայի հավելագրում ցանցի սեփական կարիքների համար նախատեսված էլեկտրաէներգիայի հաշվառման հաշվիչների վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը

«ՀԷՑ-ի տարբեր մասնաճյուղերում իրականացվող թիրախային վերահսկողության և հասցեական ստուգումների արդյունքերով մինչ օրս բացահայտվել են տասնյակ հազարավոր կՎտ.ժ էլեկտրաէներգիայի քանակի հաշվառման հետ կապված բազմաբնույթ իրավախախտումներ և մեքենայություններ, այդ թվում.

Սպառված էլ.էներգիայի հավելագրումներ՝

- ֆիզիկական անձ սպառողների հաշվին,
- բյուջետային հիմնարկների հաշվին,
- տնտեսվարող սուբյեկտների հաշվին և այլն։ 

Ինքնավար էլեկտրաարտադրողների (արևային կայանների) կողմից արտադրված և բաշխիչ ցանց հետ մղված էլ. էներգիայի թերգրանցումներ։ Բաշխիչ ցանցում առկա իրական տեխնիկական կորուստների «արհեստական» նվազեցում և խեղաթյուրված (կեղծված) տվյալների փաստաթղթավորում և այլն…

Սակայն օրերս ականատես եղանք առաջին հայացքից շատ ավելի աբսուրդային թվացող առերևույթ իրավախատման փաստի, որը դարձյալ, ըստ իս, կարող է համակարգային բնույթի մեքենայություն հանդիսանալ ՀԷՑ-ի այլ մասնաճյուղերում ևս։ 

ՀԷՑ-ի մարզային ցանցերից մեկում բացահայտվել է շուրջ 727․000 կՎտ.ժ քանակի էլ. էներգիայի հավելագրում ցանցի սեփական կարիքների համար նախատեսված (վերահսկողական նպատակով) էլ. էներգիայի հաշվառման հաշվիչների վրա, ինչն ըստ պատասխանատու աշխատակիցների՝ իրականացվել է «անմիջական վերադասի» ուղիղ ցուցումով։

Իսկ թե ի՞նչ նպատակ են հետապնդել՝ այդ հերթական «մեքենայությունն» իրենց ձևով «մոգոնելիս» և կյանքի կոչելիս՝ թողնում եմ ձեր երևակայությանը. ինքս կարող եմ ենթադրել իհարկե, բայց և վստահ եմ՝ նախաքննական մարմինները կգտնեն բոլոր այս և մյուս՝ նմանատիպ հարցերի պատասխանները։ ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- գրել է նա։

Գնահատեք հոդվածը

4.0 /5
2
գնահատական